Իսրայելը ցեղասպանության է ենթարկում պաղեստինցիներին․ Իրանի ԱԳՆ-ն դիմել է ՄԱԿ-ին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու պաղեստինցիների իրավունքները և Իսրայելին պատասխանատվության ենթարկելու իր ռազմական հանցագործությունների համար:
Այս մասին հաղորդվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) պաշտոնական էջում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին ուղղված նամակում Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է, իրենց բնորոշմամբ, Սիոնիստական ռեժիմի կողմից «պաղեստինցիների իրավունքների կոպիտ և համակարգված ոտնահարումը»՝ ասելով, որ Իրանը ՄԱԿ-ից անհապաղ քայլեր է ակնկալում բռնությունները դադարեցնելու և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր իրականացրել են ռազմական հանցագործություններ և հանցագործություններ մարդկության դեմ։
«Անպատժելիությունը Իսրայելին խրախուսում է հանցագործություններ կատարել, և միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն մարմինը, պետք է լրջորեն վերաբերվի նրան պատասխանատվության ենթարկելու իր պարտականությանը», - ասվում է նամակում:
Աբդոլլահեանն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունների հռետորաբանությունը և մշտական ռազմական գործողությունները Գազայի հատվածում վկայում են Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության կազմակերպված արշավի մասին։
«Հարձակումների ինտենսիվությունը ցույց է տալիս, որ դրանք ուղղված են Գազայում պաղեստինցի ժողովրդի զանգվածային սպանությանը», - նշել է Իրանի գլխավոր դիվանագետը՝ ընդգծելով, որ «պաղեստինցի բնակչության բռնի տեղահանումը և Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։
«Պաղեստինցիները Գազայում ոչ մի տեղ ապահով չեն, քանի որ իսրայելական ռեժիմը կազմակերպել է տարածքի ամբողջական շրջափակում և անօրինական կերպով դադարեցրել է ջրի, սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումը անկլավին»,- ասվում է փաստաթղթում։