Ինչու հետաձգվեց Աննա Հակոբյանի միջոցառումը. «Հրապարակ»
PressՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Հոկտեմբերի 19-ին վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, նախատեսել էր Հայաստանում «Կին քաղաքական առաջնորդների» գագաթնաժողովի հերթական հավաքն անցկացնել, որի մասին նա հայտարարել էր տարեսկզբին՝ Իրանում, ապա՝ Կիեւում: Եվ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները վերջին ամիսներին քրտնաջանորեն զբաղված էին դրանով, որպեսզի ներկայացուցչական կազմ հավաքեն Հայաստանում` առաջին տիկնոջ համար ցանկալի անտուրաժ ապահովելու համար, որտեղ նա, բնականաբար, ելույթ կունենար եւ խաղաղության, հարեւանների հետ բարեկամության, Եվրոպայի հետ սերտ համագործակցության գաղափարները կներկայացներ:
Սակայն հոկտեմբերի 19-ն անցավ` գագաթնաժողովը չկայացավ: Մենք ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք գագաթնաժողովի ճակատագրով: ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից մեզ պատասխանել են.
««Կին քաղաքական առաջնորդների ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության գագաթնաժողով-Հայաստան» միջոցառումը ծրագրված էր անցկացնել Երեւանում՝ 2023 թ. հոկտեմբերի 19-20-ը: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման եւ հումանիտար իրավիճակի պատճառով միջոցառումը հետաձգվել է: Գագաթնաժողովի անցկացման նոր ժամկետների մասին որոշում լինելու դեպքում կտեղեկացնենք: Հավելենք, որ հաջորդ շաբաթ «Կին քաղաքական առաջնորդներ» միջազգային ցանցը գագաթնաժողովի կայքէջում կհեռարձակի ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության հարցերում կանանց մասնակցությանը նվիրված առցանց ուղերձներ»:
Սակայն մենք տեղեկացանք, որ նախապես գագաթնաժողովին մասնակցելու համաձայնություն տված կին գործիչներից շատերը սեպտեմբերյան դեպքերից հետո մեկը մյուսի ետեւից հրաժարվել են գալ Երեւան, եւ հետաձգելու պատճառներից մեկն էլ դա է»: