Այս պահին պայթյունից տուժած 180 պացիենտ ունենք, նրանցից 32-ի վիճակը ծանր է, 9-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր. Անահիտ Ավանեսյան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այս պահին պայթյունից տուժած 180 պացիենտ ունենք մեր ԲԿ-ներում, նրանցից 32-ի վիճակը ծանր է և 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այսինքն՝ մենք դեռ ունենք բավական ծանր վիճակում գտնվող պացիենտներ: Պետք է նշեմ, որ ունենք նաև դուրս գրումներ, ունենք նաև դրական դինամիկա մեծ մասի մոտ, ինչը շատ կարևոր է և ուրախալի է, մեր բժիշկներն արդեն իրականացնում են բազմաթիվ վերակառուցողական վիրահատական միջամտություններ, այրվածքներից հետո վերականգնողական ընթացքը բավական երկար է, ծանր է և դեռ ամիսներ շարունակ մեր պացիենտները պետք է գտնվեն բժիշկների հսկողության ներքո»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ 20 պացիենտ տեղափոխվել է ԱՄՆ, Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա բուժվելու. «Հիմնականում երեխաներին էինք ուղարկել և այն մեծահասակներին, ովքեր ևս բավական ծանր վիճակում էին և անհրաժեշտ էր նաև օգնող ձեռքեր մեր մասնագետներին: Նման մասշտաբի պայթյունի և տուժածների պարագայում մենք պետք է մոբիլիզացնեինք մեր ողջ կարողություններն ինչպես մեր երկրում, այնպես էլ հնարավոր դարձնեինք աշխարհի առաջատար կլինիկաներում մեր պացիենտներին բուժօգնություն տրամադրելու համար: Երեխաների բուժման մեջ ունենք որոշակի դրական դինամիկա, մենք անընդհատ կապի մեջ ենք նաև ԲԿ-ների հետ, նաև մեր դեսպանատան աշխատակիցները և համայնքի ներկայացուցիչներն իրենց հոգացության ներքո են պահում մեր պացիենտներին»: