Ամերիաբանկը 100 մլն դրամ է ուղղում Արցախից տեղահանված ընտանիքների աջակցությանը
SocityԱմերիաբանկն Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքներին կտրամադրի 100 միլիոն դրամի աջակցություն, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը:
Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն` Ամերիաբանկը ստեղծել է աշխատանքային խումբ, որը հոկտեմբերի 18-ին ուղևորվել է Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի Անի, Ախուրյան, Գյումրի, Աշոցք, Ամասիա և Արթիկ համայնքներում ապաստանած արցախցի հայրենակիցների կարիքները:
«Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք առանձնացրել ենք այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն մեր աջակցության և հոգատարության կարիքը»,- ասված է հայտարարության տեքստում: Դրանք են` միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:
Հավելենք, որ ավելի վաղ Ամերիաբանկը հայտարարել էր «Ամերիա Սերունդ․ Արցախ» հատուկ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է 18-35 տարեկան արցախցիների համար։ Ծրագրի մասնակիցները կստանան 1,5 ամիս մասնագիտական ինտենսիվ ուսուցում Երևանում և ամսական 200,000 ՀՀ դրամ (ներառյալ եկամտային հարկը և պարտադիր այլ վճարները) աշխատավարձ ուսուցման ընթացքում: Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցները կստանան հավաստագիր ծրագրին մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև` հնարավորություն շարունակելու մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում։