Բռնի տեղահանված արցախցիներին 62 մլն դրամանոց աջակցության նոր ծրագիր՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ․ «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների մեծամասնությունը, ցավոք, այսօր դեռևս ունի նույնիսկ առաջին անհրաժեշտության պարագաների ու սննդի կարիք: Ըստ այդմ, մեծապես կարևորվում է յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր կազմակերպության աջակցությունը: Բարեբախտաբար, նման քաղաքացիներն ու կառույցները բավականին շատ են, որոնք անշահախնդրորեն կանգնած են բռնագաղթյալ արցախցիների կողքին: Օրերս էլ Արցախից բռնի տեղահանված անձանց, մասնավորաբար Մարտունի խոշորացված համայնքում բնակեցված ավելի քան հազար արցախցիներին աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչը երկու բեռնատարներով սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ հասցրեց նրանց։
Ծրագիրն իրականացնելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայկական Կարմիր խաչին է փոխանցվել 62 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչը, նախատեսվում է սննդի և հիգիենիկ պարագաների մեկական փաթեթ տրամադրել 1500 ընտանիքի՝ մոտ 6000 անձի: Հավելենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արցախցիների առաջին իսկ խմբերի՝ Հայաստան հասնելուն պես Գորիսում ամենօրյա ռեժիմով նրանց կողքին է եղել:
Մասնավորաբար, ԶՊՄԿ-ն ամեն օր ավելի քան տասը հազար արցախցու ապահովել է սնունդով, դեղորաքյով, առաջին անհրաժեշտության պարագաներով, անհրաժեշտության դեպքում՝ ապահովել նաև ավտոբուսով: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել արցախցի երեխաները, որոնք ԶՊՄԿ-ի կողմից ստացել են խաղալիքներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում