Ո՞ր մարզում քանի բռնի տեղահանված արցախցի է արդեն տեղավորվել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Կառավարությունը պահուստային ֆոնդից 360 մլն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված քաղաքացիների անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար։
Տրամադրված գումարի 150 մլն դրամը Սյունիքի համար է։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերին՝ յուրաքանչյուրին 50 մլն դրամ, իսկ մնացած 7 մարզերին կհատկացվի 210 մլն դրամ՝ յուրաքանչյուրին 30 մլն դրամ։
MediaHub-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշեց, որ այս պահի դրությամբ մարզ շուրջ 900 արցախցի է տեղափոխվել։ «Հիմնականում, վարձով են բնակվում, բայց նրանք, ովքեր վարձ տալ չեն կարող, իրենց, բնականաբար, ապահովել ենք կեցավայրում՝ Թորոսի ճամբարում են, հյուրատներում, Շիրակ ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարակից տարածքում և այլն։ Սննդի տրամադրման խնդիր չկա, այս պահի դրությամբ հասցնում ենք։ Կառավարության տրամադրած գումարները ծախսելու ենք առաջնահերթ խնդիրներ համար»,-ասաց Մուրադյանը։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ MediaHub-ին փոխանցեց, որ այսօր ժամը 10։00-ի դրությամբ Արմավիր է տեղափոխվել արցախցի 432 ընտանիք՝ 1772 մարդ։
«Վարձով բնակվողները քիչ են, հիմնականում տներ են տրամադրվում»,-ասաց նա։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ հայտնեց, որ մարզում 1000-ից ավելի տեղահանված արցախցի է բնակվում։
«Ընդհանուր բաշխվածությունը փորձել ենք ամբողջ մարզով անել, բայց հիմնականում, Աշտարակ քաղաքի և շրջակա գյուղերում են տեղավորվել։ Առաջնայինը սնունդի հարցն է, որը լուծվում է Կառավարության տրամադրած գումարով։ Վարձով բնակվողների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ եթե վարձով են ապրում, ապա մեզ չեն դիմել, պարզապես եկել են ու բնակարան գտել։ Մնացած բոլոր դեպքերում մենք ապահովում ենք կեցավայրով և հետևում, որ դրանք ունենան բոլոր անհրաժեշտ պայմանները»։
Գեղարքունիքի մարզում էլ բռնի տեղահանվածների թիվն անցնում է 2000-ը, մարզպետ Կարեն Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում ներկայացրեց, որ արցախցիների մեծ մասը Մարտունի են տեղափոխվել։ «Առաջիկայում կավելացնենք ևս 1000 տեղ, այս պահին նորից գույքագրում ենք, որպեսզի կարողանանք մեծ հոսք ընդունել։ Իմ տեղեկատվությամբ՝ չկան մարդիկ, որ իրենք են տներ վարձել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ Հայաստան Արցախից ժամանել է շուրջ 90 հազար բռնի տեղահանված արցախցի:
Լիաննա Թորոսյան