ԱՄՆ իշխանությունը չի վերահսկում կորոնավիրուսի իրավիճակը երկրում. BBC
SocityԵրեքշաբթի ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին Սենատի լսումների ժամանակ ասել է, որ չի զարմանա, եթե երկրում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասնի օրական 100 000-ի: «Մենք, հստակ, չենք վերահսկում իրավիճակը»,- խոստովանել է նա՝ շեշտելով, որ նոր դեպքերի մոտ կեսը գրանցվել է չորս նահանգում ՝ Ֆլորիդայում, Արիզոնայում, Տեխասում և Կալիֆոռնիայում: ԱՄՆ մոտ 16 նահանգ հետաձգել է կարանտինի մեղմացումը կամ, հակառակը, խստացրել միջոցառումները:
Ֆաուչին նշել է, որ շատ ամերիկացիներ դիմակներ չեն կրում և անտեսում են սոցիալական հեռավորության կանոնները: Նրա կարծիքով՝ «որոշ մարդկանց շրջանում հակագիտական, հակաիշխանական և հակապատվաստանյութային տրամադրությունները շատ ուժեղ են, ինչն անհանգստացնող է»:
ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Անն Շուհաթն էլ խոստովանել է. «Մենք Նոր Զելանդիայի, Սինգապուրի կամ Կորեայի իրավիճակում չենք, որտեղ յուրաքանչյուր նոր դեպք արագ նկատվում է, շփումները հսկվում են, հիվանդները մեկուսացվում, ռիսկի ենթարկված հիվանդները կարանտինացվում, և իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկվում է»: Մինչդեռ ԱՄՆ-ում վիրուսը տարածվում է շատ արագ, և կառավարությունը չի կարողանում այն հաղթահարել: Երեքշաբթի վարակվածների թիվը գերազանցել է 40 հազարը: