Հայ-ամերիկյան զորավարժությունները ոչ մի դրական ազդակ չեն կարող հաղորդել մեր ռազմավարական դաշնակիցներին․ Թևանյան (տեսանյութ)
VideosՆիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին եւ Թուրքիային հարձակվել Հայաստանի վրա՝ մտահոգություն հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու մոտ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որտեղ դաշինքի անդամները մասնակցել էին Աստվածամոր ծննդյան տոնին նվիրված արարողությանը։
«Փաշինյանը հետեւողականորեն փչացնում է, ավելին, պատերազմական է դարձնում մեր բնական դաշնակիցների եւ ռազմավարական բարեկամների հետ հարաբերությունները: Խոսքս, մասնավորապես, Իրանի եւ Ռուսաստանի մասին է: Այն թշնամական ակտը, որ մենք տեսնում ենք դիվանագիտական ճակատում, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Թուրքիան եւ Ադրբեջանը ընդամենը կարող են օգտվել այն վիճակից, որ մեր բարեկամ երկրները ՀՀ-ի վարած քաղաքականության հետեւանքով կարող են կրավորական դիրք ընդունել, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Այս պայմաններում մեր դպրոցներին դասագրքեր չեն հասցնում, փոխարենը գաջեթներ են հասցնում Ուկրաինային, նկատեց դաշինքի առաջնորդը, եւ սա խորհրդանշական համարեց։
«Խորհրդանշական է նաեւ այն, որ թշնամու զորքերի կուտակումներ են Հայաստանի սահմաններին, եւ Հայաստանը փոխանակ տրամաբանական քայլերի գնալու մեր ռազմավարական դաշնակիցների հետ, հայ-ամերիկյան զորավարժություններ է նախաձեռնում, որը ոչ մի դրական ազդակ չի կարող հաղորդել մեր ռազմավարական դաշնակիցներին, եւ որը կարող է լուրջ խթան հանդիսանալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակման համար»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Սա, ըստ նրա, կարող է նշան լինել, որ մենք մնացել ենք մենակ:
«Հայ-ամերիկյան զորավարժությունները ոչինչ չեն տալու, ինչպես ոչինչ չտվեցին ԵՄ դիտորդները սահմաններին, բայց կարող են լարվածություն առաջացնել Իրանի եւ Ռուսաստանի մոտ: Իսկ այսօր Հայաստանը նաեւ այդ երկու երկրների վարած քաղաքականության արդյունքում է, որ դեռեւս գոյություն ունի»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը:
Ադրբեջանը պահանջում է Սյունիքի միջանցք՝ իրենց ցանկացած տարբերակով, նշեց նա, իսկ Փաշինյանը հասկանում է, որ եթե միջանցքը զիջի՝ կարող է այստեղ իշխանություն կորցնել։ Բայց նա նաեւ հասկանում է, որ իր անձնական անվտանգության համար Հայաստանը պետք է լինի Թուրքիայի ազդեցության տակ։
«Հիմա ինքն ապահովում է թշնամական հարաբերություններ մեր դաշնակիցների հետ՝ դրանով իսկ հնարավորոություն տալով ուժային տարբերակով լուծելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Հետո էլ ասելու է՝ ես ի՞նչ կարող էի անել, ես խաղաղություն էի ուզում»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Երեւանի ավագանու ընտրությունը դաշինքը տեսնում է որպես հնարավորություն ամբողջական իշխանափոպության համար։