«Ինկոգնիտո» հանդիպումների վայր սրճարանը վաճառքի է հանվել. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պարբերաբար հանդիպում են վերջինիս պատկանող «Ռոզմարի» սրճարանում, անգամ համացանցում տարածվել էին լուսանկարներ և տեսանյութեր այդ հանդիպումներից:
Դրանք առավել հաճախակի էին այն ժամանակահատվածում, երբ ԲԴԽ-ն քննում էր երկու աղմկահարույց կարգապահական վարույթ, որոնց արդյունքում հուլիսի 3-ին դադարեցվեցին դատավորներ Դավիթ Հարությունյանի, Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները: Վարույթներից մեկում բարձրացվել էր նաև այդ հանդիպումների անօրինականության հարցը, սակայն ԲԴԽ-ն դատավորի վարքագծի կանոնը խախտած Կարեն Անդրեասյանին այդպես էլ վարույթից չէր հեռացրել:
Մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան այդ թեմային, իսկ իրավաբանական համայնքի ներկայացուցիչներն այդ հանդիպումը որակեցին որպես խայտառակություն: Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, նշված դատավորների լիազորությունների դադարեցումից 10 օր անց list.am կայքում տեղադրվել է հայտարարություն, որ «Ռոզմարի» սրճարանը հանվել է վաճառքի: Ստացվում է՝ Գրիգոր Մինասյանը գլխացավից ազատվելու համար որոշել է կտրե՞լ գլուխը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում