Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ին. Le Figaro
InternationalՖրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Արցախի120 հազար հայ բնակչության փրկության հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնի X-ի (Նախկին Թվիթեր) միկրոբլոգից։
Գրառմանը կից հրապարակված հոդվածում Բյուսոնը հայտնել է, որ բանաձևն ուղղված է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների օգնությանը, որոնք սովամահության եզրին են գտնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով: Բացի այդ, նա նաև նշել է, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։
Բյուսոնի խոսքով՝ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախն արտաքին աշխարհին, իսկ այս պարագայում՝ Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով ԼՂ բնակչությունը, որը բացառապես հայկական է, լուրջ փորձության է ենթարկվում։
Լրագրողը նաև նշել է, որ քաղաքացիները զրկված են տարրական կենսագործունեության միջոցներից, դեղորայքից, վառելիքից, սննդից, ինչպես նաև էլեկտրականությունից, ջրից և ինտերնետից, որի հասանելիությունը պարբերաբար խափանում են նրանց շրջապատող ադրբեջանցիները։
Հոդվածում նշվում է նաև, որ գյուղացիների ու սահմանապահների ուղղությամբ ամեն օր արձակվող կրակոցներից բացի, որևէ բեռ կամ անհատ, բացառությամբ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվող բուժառուների, չի կարող մտնել կամ դուրս գալ այս 3000 քկմ տարածք, որի նկատմամբ Բաքուն հավակնություններ ունի, քանի որ, ինչպես մանրամասնել է Բյուսոնը, 1923 թվականին ավելի քան 2500 տարվա պատմություն ունեցող այս հայկական հողը դարձավ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս։