Կայացավ «Ինստիգեյթ»-ի ներդրումային նախագծերի ներկայացման փակ միջոցառումը
CultureՕգոստոսի 11-ին Երևանում կայացավ «Ինստիգեյթ» խմբի ընկերությունների ներդրումային նախագծերի ներկայացման փակ երեկոն։
Ներկայացվեց 7 ներդրումային նախագիծ՝ «Ինստիգեյթ Դիզայն», «Պրոքսիմուս», «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» և «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունների ներկայացուցիչների կողմից։
Ժյուրիի կազմում էին Ճապոնիայում և Հարավային Կորեայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը, «Հիմնարկ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ռուբեն Օսիպյանը, FiveBrane ընկերության հիմնադիր-տնօրեն Աննա Շահինյանը, SmartGate VC ներդրումային գործընկեր Մանե Եգանյանը, AI-ID ընկերության ծրագրային ապահովման զարգացման ավագ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, AMD ընկերության Հայաստանի օպերատիվ ղեկավար Արա Մարկոսյանը և Granatus Ventures ընկերության ներկայացուցիչ Լաերտ Դավթյանը։
Նախագծերի ներկայացումից հետո վաուչերների միջոցով անցկացվեց քվեարկություն՝ «Ինստիգեյթ» խմբի ընկերությունների աշխատակիցների և ժյուրիի անդամների մասնակցությամբ։
Միջոցառման նպատակն էր ժյուրիի դիտարկումների օգնությամբ նախապատրաստվել սեպտեմբերի վերջին կայանալիք հանրային միջոցառմանը, հղկել մասնակիցների խոսքը և ներքին լսարանից ստանալ արձագանք ներդրումային նախագծերի շուրջ։
Նշենք, որ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։