Բերդ քաղաքի բնակիչ 17-ամյա պատանին դանակահարել էր 42-ամյա ծովագյուղցուն
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 3-ին՝ ժամը 22.06-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել Ծովագյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ կարգախումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի հարակից լողափում Տավուշի մարզի Բերդ բնակավայրի բնակիչ մի խումբ երիտասարդների և հիվանդանոց տեղափոխված տղամարդու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ Բերդի բնակիչ 17-ամյա պատանին դանակահարել է 42-ամյա ծովագյուղցուն:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Սևանի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխվել 17-ամյա պատանին և վիճաբանության երեք մասնակիցները: Բաժնում 17-ամյա պատանին տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է դանակով հարվածել և մարմնական վնասվածք պատճառել 42-ամյա տղամարդուն, իսկ ձերբակալվածներից մեկն էլ խոստովանական ցուցմունք է տվել, որ բռունցքով հարվածել է 42-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
17-ամյա պատանին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: