Բագրատաշենի ճանապարհին Mercedes-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Նոյեմբարյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Բագրատաշենի անցակետ ճանապարհահատվածում, վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը և Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի պետ Արկադի Աբովյանը:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:Տեղում նույն վաշտի պարեկներ Մհեր Ծատուրյանը և Ժորա Հախվերդյանը տարածքը սահմանազատել են և հետաքրքրասեր վարորդներին են դեպքի վայրից հեռացնում, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բուդաղյանի գլխավորությամբ:Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակացության չգալով՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Ռաֆայել Օգանյանն է:
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և մահացածի ինքնությունը: