Ձեր երկրին եւ արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից եմ. Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ալեն Սիմոնյանին
VideosԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար:Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական դաշտը համախմբող մեր երկրների բարեկամությունը ձեւավորվել է նաեւ Սենատի նախագահ Լարշեի ծանրակշիռ քաղաքական հեղինակության եւ անձնական ջանքերի շնորհիվ:
Կողմերն անդրադարձել են Սենատի նախաձեռնած եւ ընդունված ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնող, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բազմաթիվ բանաձեւերի: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Լարշեին եւ Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ավելի քան 170 խորհրդարանականներին հունիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» եւ այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչի համար:
Սենատի նախագահն ի պատասխան արձագանքել է, որ երբեւէ սովորություն չի ունեցել ստորագրելու բաց նամակներ, սակայն մեր երկրին եւ արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից է եւ պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու խորհրդարանների միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությանը:
Ֆրանսիացի գործըկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հաղորդել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից` անդրադառնալով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով փաստացի շրջափակման մեջ գտնվող արցախահայերի իրավունքների իրացման անհնարինությանը:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ ադրբեջանական ուժերը կրակի տակ են պահում սահմանամերձ գոտիները՝ հավելելով, որ ագրեսիայի սանձազերծման հարցում ապավինում ենք Ֆրանսիայի եւ միջազգային այլ գործընկերների աջակցությանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները վերահաստատել են տարածաշրջանում համապարփակ ու երկարատեւ խաղաղության հաստատման հանձնառությունը եւ այս ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի գործադրումը կարեւոր գործոն է համատեղ ուժերով արդյունքի հասնելու համար:
Գործընկերները մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արեւելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը:
Սենատի նախագահի հետ հանդիպմանը նախորդել էր Ֆրանսիայի ազգային հարստություն համարվող հայտնի քաղաքական, ռազմական գործիչների, մտավորականների եւ հանրահռչակ գրողների պանթեոն այցը: Պանթեոնում հաջորդ տարվա փետրվարին նախատեսված է վերահուղարկավորել Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական «Պատվո լեգեոնի» հետմահու շքանշանակիր Միսաք Մանուշյանի աճյունը: ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու նախաձեռնության ամենահետեւողական հեղինակ, սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պիեռ Ուզուլիասին, որը ներկա էր հանդիպմանը: Այս առիթով Սենատի նախագահը նշել է, որ վերջերս է վերընթերցել Միսաք Մանուշյանի գնդակահարությունից առաջ կնոջն ուղղված լավատեսական նամակը, որը բնորոշում է հայ ժողովրդի ազատատենչությունը եւ նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին: