Աննախադեպ երաժշտական փառատոն Կապանում
SocityՀեռավոր 1976-ին Կապանի երաժշտական ուսումնարանում առաջին անգամ հնչեց երգեհոնային երաժշտություն: Երկար դեգերումներից հետո կապանյան մշտական գրանցում ստացավ գերմանական «E.F. Waleher» ֆիրմայի արտադրության գործիքը: Եվ ահա տասնամյակներ հետո երգեհոնային դահլիճը ևս մի համալրում է ունենում՝ «Steinwat D 274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուր: Այս նախաձեռնության ակունքներում է կանգնած արմատներով կապանցի, միջազգային մրցույթների դափնեկիր, ճանաչված թավջութակահար Սևակ Ավանեսյանը: Ավելի ստույգ՝ նրա ջանքերի և նվիրումի շնորհիվ կապանյան գրանցում ստացավ երաժշտական այդ եզակի գործիքը:
Այս հաճելի իրադարձությունը զուգորդվեց Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում միջազգային փառատոնի անցկացման հետ, որի բացումը կայացավ հուլիսի 4-ին: Այն իրականություն դարձավ Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցության շնորհիվ: Ամռան այդ երեկո երգեհոնային դահլիճում էին հավաքվել դասական երաժշտության երկրպագուներ, այս անգամ ունկնդիրը լինելու դաշնամուրային համերգի: Դահլիճում էին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողներ, նաև օտարազգի Էռնեստ Բիթները, ով շուկայականից անհամեմատ ցածր գնով համաձայնվեց Կապան ուղարկել այդ գործիքը և եկել էր տեսնելու, թե դաշնամուրն ինչպես է տուն հասել:
Բեմահարթակ հրավիրվեցին փառատոնի նախաձեռնող խմբի անդամներ՝ Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, Սևակ Ավանեսյանն ու Հայկ Աբելյանը՝ դաշնամուրների վերանորոգման և պահպանման լավագույն և եզակի վարպետ: Երախտագիտություն հայտնվեց դաշնամուրի ձեռք բերման նպատակով կազմակերպած հանգանակության բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մասնավորապես տիկին Նադյա Գործունյանին, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն գործիքը Կապանում ունենալու համար:
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ողջունեց հյուրերին Կապանում գտնվելու և փառատոնի մասնակցության առիթով՝ նշելով, որ փառատոնը Կապանի մշակույթային կյանքում եզակի ու նշանակալի իրադարձություն է և իր շուրջն է համախմբել երաժիշտներ՝ ինչպես հանրապետությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ փառատոնը և նման արժեքավոր դաշնամուրի ձեռք բերումը նոր ազդակ կլինեն համայնքում երաժշտական կյանքն էլ ավելի աշխուժացնելու համար և անմոռանալի տպավորություններ կպարգևեն կապանցի հանդիսատեսին, ով մշտապես տարբերվել է դասական երաժշտության հանդեպ ընդգծված ճաշակով ու վերաբերմունքով:
Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից անցկացվող «տաղանդների բացահայտում» մրցույթի դափնեկիրների կատարումներով զարդարվեց փառատոնը: Հետո հանդես եկան անվանիները. միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Աննա Սարկիսովան, ով գործիքն անձամբ փորձարկեց Վիեննայում և հաստատեց, որ այն լավագույնն է: Այնուհետև հանդես եկան դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող մեր հայրենակից, արմատներով կապանցի Արմեն Քարամյանը, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը և Ուրսուլա Վոն Լերբերը: Համերգի ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում՝ երկու դաշնամուրներով այս վիրտուոզ երաժիշտները հանդես եկան միասին:
Նրանք իսկական տոն պարգևեցին կապանցի երաժշտասերներին: Համենայն դեպս վերջիններս բավականության զգացումով հեռացան դահլիճից՝ փառատոնի ծրագրով անցկացվող մյուս համերգների մասնակիցը լինելու մտադրությամբ: Համենայն դեպս 10 օր կշարունակվի փառատոնը: