«Անկեղծ խոստովանելը» և «սովորելը», իմ խորին համոզմամբ, Փաշինյանի թիմի համար չէ, նրանք դա անել պարզապես չեն կարող. Ռուբեն Վարդանյան
Politics«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարցրին, թե ինչու ներդրումներ չեմ անում ռազմարդյունաբերության ոլորտում: Պարզվեց, որ շատերին է հետաքրքրում այս հարցը, շատերը չեն հասկանում, թե ինչպես է դա կազմակերպվում։ Փորձեմ բացատրել։
Ես և իմ գործընկերները վերջին տարիներին բազմիցս ենք շոշափել այս թեման, որովհետև ռազմական անվտանգության խնդիրն, իսկապես, բոլորի համար ակնհայտ է։ Մենք մի քանի անգամ խորապես ուսումնասիրել ենք այս թեման, բայց ամեն անգամ բախվել ենք նույն խնդրին. առանց պետության՝ որպես վստահելի գործընկերոջ և պատվիրատուի աջակցության, սկզբունքորեն անհնար է լուծել այս խնդիրը:
Ազգային անվտանգության ապահովումը պետության գլխավոր արտաքին գործառույթն է, որը նրա փոխարեն չի կարող իրականացնել ոչ մի մասնավոր ներդրող: Աշխարհում ռազմարդյունաբերական բոլոր մասնավոր ընկերությունները փոխկապակցված են իրենց պետությունների հետ: Մասնավոր ընկերությունները կարող են միայն օգնել պետությանը, բավարարել նրա պահանջները:
Իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ի վիճակի չէ վստահելի պատվիրատու լինել մասնավոր ընկերությունների կամ արտաքին դաշնակից մատակարարների համար, այլ նաև անկարող է ինքն իր համար հստակեցնել, թե ինչ է ուզում, ինչ պահանջմունքներ ունի և ընդհանրապես՝ ունի արդյոք: Մինչև պետությունը հստակ չսահմանի իր կարիքները և չդառնա պատվիրատու, աջակցության ցանկացած մասնավոր փորձ ձախողվելու է:
Մինչդեռ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով մասնավոր կապիտալի ներգրավման համար կարևոր է ոչ միայն պետության կողմից պահանջարկի, այլ նաև պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը, համակարգված գործելաոճը և նման զգայուն ոլորտում համագործակցության գործող մեխանիզմների իմացությունը:
Անգամ ԱՄՆ-ն Սառը պատերազմի պայմաններում Սիլիկոնյան հովիտը ստեղծելիս շատ երկար ժամանակ փոփոխում էր իր զինվորականների մոտեցումները, որպեսզի նրանք իր հետ փոխգործակցության արդյունավետ միջոցներ գտնեն: Սա պետք է կենտրոնացված կերպով սովորել: Բայց որպեսզի սկսես սովորել, նախ պետք է առնվազն չվախենաս խոստովանել ինքդ քեզ և ողջ հասարակությանը, որ այդ կոմպետենտությունը չկա կամ բավարար չէ:
Բայց «անկեղծ խոստովանելը» և «սովորելը», իմ խորին համոզմամբ, Փաշինյանի թիմի համար չէ, նրանք դա անել պարզապես չեն կարող: Նման իրավիճակում ներդրումներ անել ռազմարդյունաբերության ոլորտում նույնն է, թե մաղով ջուր տանես:
Բայց սա, իհարկե, դեռևս չի նշանակում, թե ոչինչ անել հնարավոր չէ: Հնարավոր է և պետք է, օրինակ, օգնել հասարակությանը պետությունից պահանջել իրականացնել անվտանգության ապահովման համար իր բազային գործառույթները:
Հնարավոր է և պետք է ներդրումներ անել կադրերի, այդ թվում նաև՝ ռազմական ոլորտի կրթության համար: Իսկ գլխավորը՝ պետք է ցանկացած գնով պաշտպանել Արցախը, սա հիմա ամենաառանցքային հարցն է Հայաստանի անվտանգության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սա գիտակցում են և միացել են մեր ջանքերին»: