Հայաստանի կլիման պարզապես իդեալական է արևային էներգետիկայի զարգացման համար
SocityՀայաստանի կլիման պարզապես իդեալական է արևային էներգետիկայի զարգացման համար։ Էներգետիկայի հայկական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը օրերս «Ռիա նովստիի» հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն անընդհատ աճում է և արդեն 3-4 տարի հետո արևային էներգետիկան կարող է զբաղեցնել երկրի էներգաբալանսի մինչև 20 %-ը, ներկայիս 12 %-ի դիմաց։
Ըստ Հարությունյանի Հայաստանը հիմա չնչին տոկոսով է օգտագործում իր ներուժը արևային էներգետիկայի ոլորտում։ Արդեն այսօր Հայաստանի էլեկտրաէներգիայի տարեկան սպառման մեջ արևային էներգիան 12 % է կազմում, ընդ որում այդ թիվը ըստ մասնագետի չափազանց լուրջ է նաև համաշխարհային մասշտաբով և այդ ցուցանիշը հաստատուն քայլերով աճում է։ «Առաջիկա 3-4 տարում մենք առնվազն 25 % կունենանք, չնայած պետությունը մինչև 2030 թվականը ընդամենը 15 %-ի ծրագիր ունի, բայց պետությունը ներդրումներ չի անում, մասնավոր սեկտորն է անում, իսկ մասնավոր սեկտորն ուզում է ներդրումներ անել։ Վստահ ենք, որ մինչև 2025 թվականը 25 %-ի կհասնենք»,- ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արևային էներգետիկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ռուսական ընկերությունները։ «Կան բազմաթիվ ընկերություններ, որոնք այժմ փորձում են նախագծեր գտնել, որպեսզի մտնեն արդեն կառուցված նախագծերի մեջ, կամ զրոյից նման նախագծեր մշակել, որովհետև Հայաստանում արևային էներգետիկան ամենաէժանն է, նոր էներգիա է, որը կարող է լինել»,- պարզաբանել է էներգետիակայի նախկին փոխնախարարը։ Նույնիսկ մասնագիտական շրջանակներն են արձանագրում, որ քաղաքական կամքի և իշխանությունների կողմից համապատասխան միջոցների իրականացման դեպքում Հայաստանում արևային էներգետիկան լրջագույն զարգացում կարող է ապրել, իսկ Հայկ Հարությունյանը ոլորտի հայտնի մասնագետ է ով անձամբ է բազմաթիվ նախագծեր իրականացնում, ուստի և հարկավոր է գործող իշխանություններին պարտադրել պարզապես լուրջ մոտենալ արևային էներգետիկայի հարցերին։
Մեր երկիրն արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը» և դրա ծավալները չափազանց քիչ են։ Նույնիսկ այս պայմաններում էլ մեր երկրին հաջողվել է նման շոշափելի արդյունքներ գրանցել։
Արամ Պապյան