Հայկական սպորտի «ոսկե» տղաները. 19 ոսկե մեդալ 8 օրում. a1plus.am
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի մարզիկները մեդալներ են նվաճել 4 մարզաձևում:
Հայոց Մեծ եղեռնին նախորդած 8 օրը պարզապես ոսկե տառերով գրվեց հայկական սպորտի պատմության գրքում: Տարբեր մարզաձևերի մեր ներկայացուցիչներն այդ օրերի ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճեցին բարձրագույն որակի 19 պարգև: Դա հերթական անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը շարունակում է առաջընթաց գրանցել մարզաշխարհում:
Ձեզ ենք ներկայացնում հայ մարզիկների հաղթարշավի ժամանակագրությունը.
16 ապրիլի
Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Անթալիայում ընթացող մարզական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրավեց իր սիրած մրցաձևում` հենացատկում: Դա նրա եվրոպական երկրորդ ոսկե մեդալն էր: 2021 թվականին Արթուր Դավթյանը հաղթող էր ճանաչվել նժույգթափքում:
17 ապրիլի
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության երրորդ օրը 67 կգ քաշային կարգում երկամարտի 320 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց մեր ծանրորդ Գոռ Սահակյանը: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում: 2022-ին նա հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
18 ապրիլի
Զագրեբում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի մեր ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթեց 65 կգ քաշային կարգում: Նա առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն: Չորս տարի առաջ մեր ըմբիշը ոսկե մեդալ էր նվաճել երիտասարդների առաջնությունում:
19 ապրիլի
Խորվաթիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցաշարում Հայաստանի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճեց 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Նա երրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Եվրոպայում: 23-ամյա ըմբիշը զուգահեռաբար երկու անգամ հաղթել է Եվրոպայի երիտասարդական, մեկ` աշխարհի առաջնությունում:
Իսրայելում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրն Արսեն Խանջյանը ոսկե մեդալ նվաճեց մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Նա երկրորդ տարին անընդմեջ տիրեց այդ տիտղոսին:
20 ապրիլի
Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի սամբիստ Արման Ավանեսյանը: Դա նրա առաջին մեծ հաջողությունն է եվրոպական մրցասպարեզում:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:
21 ապրիլի
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 96 կգ քաշային կարգում չեմպիոն ճանաչվեց Դավիթ Հովհաննիսյանը: Նա երկամարտում ցույց տվեց 377 կգ արդյունք: Դավիթ Հովհաննիսյանը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
22 ապրիլի
Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում: Նա այդպիսով կրկնեց իր հորեղբոր` Ռոման Ամոյանի արդյունքը: Մալխասը միաժամանակ աշխարհի գործող չեմպիոնն է:
Երևանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նախ ոսկե մեդալ նվաճեց 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը` երկամարտում ցույց տալով 392 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա ոչ միայն հաղթեց, այլև սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:
Նույն օրը Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև մեր 109 կգ քաշային ծանրորդ Սամվել Գասպարյանը` երկամարտի 395 կգ արդյունքով: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
23 ապրիլի
Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զագրեբում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր 96 կգ քաշային ըմբիշը մինչ այդ հաղթել էր Բելգրադում, Թբիլիսիում, Վանտայում, Կասպիյսկում և Հռոմում: Արթուր Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի չեմպիոն է:
Շարունակությունը` հաջորդիվ