Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է․ Կաթողիկոսը՝ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին Մայր աթոռում ընդունելու մասին
CultureՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է, ամեն անձ այցելում է Մայր Աթոռ, և եթե խնդիրներ կան, հարցեր կան, նաև հանդիպումներ է ունենում Ամենայն հայոց Հայրապետի հետ, եթե դրանք վերաբերում են Ամենայն հայոց հայրապետին և նրա տնօրինության տակ են այդ հարցերի լուծումները:
Այս մասին Մայր աթոռում լրագրողներին ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ անդրադառնալով այն հարցին, որ իշխանությանը քննադատելուն զուգահեռ Մայր Աթոռը բարձր ընդունելության է արժանացնում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին։
«Այդպիսի հանդիպումներ ունեցանք վերջերս, մեզ այցելեց կրթության նախարարը, ինչպես նաև տիար Ավինյանը: ԿԳՄՍ նախարարի ու Ավինյանի հանդիպումների վերաբերյալ մեր տեղեկատվական ծառայությունը համապատասխան հաղորդագրություն տարածել է: Այնտեղ ներկայացված են բոլոր այն հարցերը, որոնք մենք քննարկել ենք։ Տիկին Անդրեասյանի հետ հանդիպմանը մենք անդրադարձել ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, որը ոչ թե դուրս է բերվում Հայ ժողովրդի պատմության դասագրքից, այլ տարալուծվում է այլ առարկաների, այդ թվում հայ ժողովրդի պատմություն առարկայի մեջ, որը մենք ճիշտ չենք գտնում և որին մենք հստակ մեր ժխտական դիրքորոշումը արտահայտել ենք: Այս օրերին էլ, անշուշտ, մեր հոգևորականների կողմից այդ խնդրին անդրադարձ եղավ: Իրենք նույնպես արտահայտեցին վերաբերմունքը մեր և մեր սուրբ եկեղեցու, և, կարծում եմ, մեր հավատավոր ժողովրդի»,- ասաց նա։
Կաթողիկոսը ընդգծեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միայն գիտելիքների փոխանցում չէ:
«Այն ոգի, նկարագիր, ինքնություն, գիտակցություն, արժեհամակարգ կերտող դասընթաց է: Հնարավոր է, որ այսօր այդ դասագրքերը ճիշտ կազմված չլինեն, թեմաները ճիշտ ներկայացված չլինեն: Կարելի է այդ դասագրքերը խմբագրել, սրբագրել և ճիշտ վիճակի մեջ բերել: Նաև պետք է ուսուցիչների վերապատրաստության գործընթացն իրականացնել: Այս խնդրի առնչությամբ մենք ունեինք համաձայնություն, որ ստեղծված հանձնաժողովները պետք է հանդիպեին, քննարկումներ ունենային և համապատասխան լուծումների հանգեին: Այդ առաջարկը կրթության նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել ենք և տեսնենք՝ ինչ արդյունքի կհասնենք, ինչ հետեւանքներ կունենանք։ Մենք ոչ միայն Ժաննա Անդրեասյանին, այլև հանրային հայտարարությունների մեջ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Որ մեզ համար անընդունելի է, մերժելի է մոտեցումը՝ տարալուծել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ, կամ սահմանափակել 1-2 դասարանում դասավանդելով: Որովհետեւ եթե նման մոտեցում է որդեգրվում, պետք է հստակեցվի նպատակը»,- ասաց կաթողիկոսը: