Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
Մարտի 27-ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր խորհրդական է նշանակել Միքայել Հայրիյանին: Արտաքուստ սովորական այս նշանակումն իրականում բավականին ուշագրավ խորքեր ունի: Միքայել Հայրիյանը Արցախի առողջապահության նախարարն է եղել և պաշտոնից ազատվել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց մոտ 20 օր անց:
Դրանից հետո նա համալրել էր հակավարդանյանական «կոալիցիան», որին ժամանակին անդրադարձել ենք: Այդ օրերին նա այդ «կոալիցիայի» ամենաակտիվ անդամներից մեկն էր: Եթե այն ժամանակ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը «ստվերից» էր համակարգում այդ խմբի գործունեությունը, ապա Հայրիյանն ապահովում էր «հրապարակային» կողմը:
Նա, մասնավորաբար, մի քանի կոշտ գրառումներ արեց՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրելով խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակության մեջ, ապա և նեղացածության ողջ սպեկտրը գործի դնելով՝ հայտարարեց, թե «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար»։
Եվ ահա, ինչպես փոխանցում է Արցախի մեր աղբյուրը, Գուրգեն Ներսիսյանը գնահատել է իր «կոալիցիայի» անդամի «չարչարանքները», ջանքերն ու հակավարդանյանական գծի մեջ ունեցած ընդգծված ակտիվությունը և, որպես յուրատեսակ պարգևատրում, նշանակել պետնախարարի խորհրդական:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում