Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից. Նրանք նամակ են գրել
SocityՋավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին, հաղորդում է Jnews.ge-ն:
Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:
Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին:
Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»:
Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին:
Նշենք, որ ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: