Գերմանիայում կրկնակի աճել են արևային վահանակ արտադրողների եկամուտները
InternationalԵվրոպայում էներգետիկ ճգնաժամը նպաստել է գերմանական «SօlarWatt» ընկերության եկամուտները ավելի քան 50 տոկոսով աճելուն։
Այս տարի ընկերությունը կարող է մինչև 500 միլիոն եվրո եկամուտ ստանալ և ավելացնել դրանք մինչև մեկ միլիարդի արդեն 2025 թվականին, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Դետլեվ Նոյhաուսը։
2021 թվականին ընկերության եկամուտները կազմել են 160 միլիոն դոլար, իսկ արդեն 2022 թվականին այդ թիվը հասել է 330 միլիոն դոլարի։ Բանն այն է, որ Գերմանիայում կտրուկ աճել են փոքր տնային արևային էլեկտրակայանների պահանջարկը, և ընկերությունը հազիվ է հասցնում իր գործընկերների հետ մատակարարել դրանց, այդուհանդերձ գերմանական ընկերությունները բավականին ուշագրավ մեթոդներ են մշակել փոքր էլեկտրակայանների, արևային վահանակների և մարտկոցների արտադրության համար և կարողանում են դրանք հասցնել սպառողներին։
Ընկերության գործադիր տնօրենը նշում է, թե տեղադրվող արևային վահանակները, մարտկոցներն ու ջերմային պոմպերը օգնում են տանտերերին կտրուկ նվազեցնել իրենց էլեկտրաէներգիայի վարձերը, իսկ ընկերությունը ցմահ սպասարկում է իրականացնում բոլոր սարքավորումների համար։
Երբ Ռուսաստանը կտրուկ նվազեցրեց արդյունահանվող վառելիքի արտահանումներն արևմուտք, եվրոպական բազմաթիվ երկրներ կանգնեցին էներգետիկ լրջագույն ճգնաժամի առջև, սակայն 2022 թվականը նաև նշանավորվեց Եվրոպայում արևային էներգիայի հեղափոխությամբ, և այժմ եվրոպական տարբեր երկրներում ընկերություններն ամեն ինչ անում են արևային վահանակների տեղադրումն ավելացնելու, սեփական երկրների էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։
Էներգետիկ անվտանգության խնդիր ունի նաև մեր երկիրը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», այդուհանդերձ նույնիսկ ստեղծված պայմաններում փոքր էլեկտրակայանների տեղադրումը Հայաստանում առանձնապես չի տարբերվել նախորդ տարիներից, ինչը չափազանց ցավալի իրողություն է և հարակավոր է, որ պետությունը մասնավորի հետ ձեռք ձեռքի տված կարողանա ավելացնել մեծ և փոքր արևային էլեկտրակայանների տեղադրումը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը։
Մանե Ավետիսյան