Հանգստյան օրերին Դիլիջանը հյուրընկալելու է «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթը
SocityԴեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ից, Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի կունենա «ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 14-րդ առաջնությունը, որն այս տարի կրում է «Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» խորագիրը։ Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։
Ներկա կլինեն Կառավարության անդամներ, ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՏՁՄ աշխատակազմ, այլ հյուրեր։
Մրցույթը յուրօրինակ հարթակ է ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։ Մրցութային դաշտն իրենից ներկայացնելու է փոքր ագրոտեխնոլոգիական ագարակ, որտեղ թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն մասնագիտական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։
Մասնակից թիմերը բաժանվում են երեք խմբի՝ կրտսեր տարիքի դպրոցահասակներ (10-13տ․), միջին տարիքի դպրոցահասակներ (14-17տ․), սկսնակ և մասնագիտացած թիմեր։ Եզրափակիչ փուլում են 39 թիմեր Հայաստանի (ներառյալ՝ Արցախը) «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներից, «Գյումրի» զարգացման լաբորատորիայից և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից։
Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև ագրոտեխնոլոգիական ցուցահանդես, որի շնորհիվ մասնակիցները կկարողանան ծանոթանալ իրենց աշխատանքների հետագա կիրառմանը։ Ցուցահանդեսին մասնակցելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Intelinair, Pinsights Armenia և Instigate ընկերությունները։ Տեղի կունենան նաև բանախոսություններ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի մասնակցությամբ։
Մրցույթի գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հովանավոր՝ Ակբա բանկ։ Գործընկերներ՝ ԶԻԳԶԱԳ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Դիլիջանի կենտրոնական դպրոց։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ․ https://bit.ly/3NXbIsE
ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու
Աննա Դանիելյան
բջջ.՝ +374 77 138 938
էլ-փոստ՝ [email protected]