Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ
Երեք օր տեւած հրդեհաշիջման աշխատանքներից հետո Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Հունիսի 21-ին՝ ժամը 07։00-ին հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով Խոսրովի անտառ պետական արգելոց է մեկնել 17 փրկարար ծառայող։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։
Օդային հետախուզություն էր իրականացվել ուղղաթիռի միջոցով, տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ էր բարձրացվել նաև անօդաչու թռչող սարք։ Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։
Դեպքի վայրում էին գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր:
Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին. դեպքի վայրում աշխատել էին 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1 ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։
Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվել էր օդային հետախուզություն և մշտադիտարկում արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։ Պարզվել էր, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ, որի վրա աշխատում էին 34 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։
Հրշեջ-փրկարարական մեքենաների համար անմատչելի տեղանքում հրդեհաշիջում իրականացնելու համար փրկարարները մոտ 2 կմ տեղափոխել էին հրդեհաշիջման պարագաներ, գործիքներ և ահռելի քանակությամբ ջուր։
Դեպքի վայրում էին գտնվել և աշխատանքները տեղում ղեկավարել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Ավագյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Վ․ Հովսեփյանը։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19։10-ին. աշխատանքներին մասնակցել էր 120 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից։
Հունիսի 20-ին՝ ժամը 08։00-ից Խոսրովի անտառ պետական արգելոցում վերսկսվել էին հետախուզման աշխատանքները։
Մինչ ժամը 20։30-ը հրշեջ-փրկարարները մարել են բոլոր ծխացող օջախները. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։
Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ․ իրականացվել է ծխացող օջախների, ծառի բների, տորֆային հատվածների քանդման և մարման աշխատանքներ։ Տեղում իրականացվել է հերթապահություն։