Տնտեսագիտական համալսարանի շենքում զգացվել է տարօրինակ հոտ. Տարհանվել է 400 ուսանող ու 35 դասախոս
SocityՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Տնտեսագիտական համալսարանի շենքում, որտեղ տարօրինակ հոտի պատճառով տարհանվել են ուսանողներն ու դասախոսները, գազի արտահոսք չկա: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, տարօրինակ հոտ է զգացվել։ Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։
Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։
Տուժածներ չկան»:
Ավելի վաղ հայտնել էինք,որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ:
ԱԻՆ-ի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։