Միասնական քննությունների օրերն արդեն հայտնի են
Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները կմեկնարկեն
հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),
հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա,
հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ
հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։
Հիշեցնենք, որ ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:
Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։
Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:
Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար: