Ով կնշանակվի ԵՊՀ ռեկտոր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ դեկան Վահրամ Դումանյանին նշանակել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր: Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարադության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն է երաշխավորել Դումանյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Ըստ մեր աղբյուրների՝ Հարությունյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը մեծ ցանկություն ունի, որ հենց Դումանյանը ռեկտոր դառնա: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ կրթության համակարգի մասով նախարար Հարությունյանի հաշվետվությունը ՀՀ վարչապետը խայտառակություն է որակել՝ համարելով, որ որեւէ ռազմավարական, կրթական փոփոխություն նախարարությանը չի հաջողվել իրականացնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահրամ Դումանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը նախարարի հետ հանդիպում է ունեցել ու առաջարկ ստացել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար: Դումանյանն ասաց, որ որեւէ տեղեկություն չունի. «Նախարարին չեմ տեսել, չեմ խոսել, տեղեկություն չունեմ»»: