Սա չերևացող Սարդարապատ է. Ռուբեն Վարդանյանը սեփական օրինակով է ոգեշնչում
Politics Դավադրությունների տեսություններից մինչև բամբասանքներ, գործակալ լինելու մեղադրանքներից մինչև միջազգային պատժամիջոցների տակ գտնվելու «փաստեր»։
Քաղաքական դաշտի մի զգալի մասը բուռն քննարկում և այդպես էլ չի կարողնաում մարսել գործարար Ռուբեն Վարդանյանի քայլը՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելն ու Արցախ տեղափոխվելը։ Մինչդեռ, գործարարն ինքը պարզ և հստակ բացատրություն է տալիս՝ 44-օրյա պատերազմը մեծ վերք է, որ այդպես էլ չի փակվում։
Որպես մարդ, ով ինչ-որ բանի հասել է իր կյանքում, բայց ունի պարտականություն, պատասխանատվություն ազգի, երեխաների, զոհերի առջև՝ Ռուբեն Վարդանյանը նշում է՝ պետք է ամեն ինչ անել, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը բեկվի, Արցախում ապրելու իրական հնարավորություններ ստեղծվեն։
Գործարարը բավական ժամանակ է ունեցել ուսումնասիրելու պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ցավով պարզել, թե վերջին դեպքերը, Բերձորում, Աղավնոյում կատարվածը խաթարում են մարդկանց հույսը, հավատը դեպի ապագան։ Հասարակությունն էլ չի ըմբռնում, որ պատերազմը դեռ չի վերջացել, պատերազմը պայմանագրով չի ավարտվում։ Ադրբեջանն էլ ամեն ջանք գործադրում է, որ Արցախից դուրս մղի հայությանը։
Եվ հենց այդ վտանգավոր հանգրվանից խուսափելու, սողացող վտանգները կանխելու, այլ ոչ պաշտոնի համար է գործարարը հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվում Արցախ։ «Սա չերևացող Սարդարապատ է, անդառնալիության գիծ, որը չպետք է թողնել անցնել»,- ասում է Վարդանյանը։
Նա նույնիսկ ըմբռնումով է մոտենում բոլոր տեսություններին և մեղադրանքներին, դա հասարակության հիվանդության հետևանք համարում։ Հանրությունը խնդիր ունի մարդկանց հավատալու, ու, թերևս, օբյեկտիվորեն։ Խոսքերի, ճառերի ու կոչերի փոխարեն մարդիկ գործ են ուզում տեսնել, իսկ Ռուբեն Վարդանյանը խոստանումէ գործել։ Գործել այնքան, որքան հարկավոր է Արցախում իրավիճակ փոխելու։ «Արցախում ամեն ինչ շատ պարզ է, կամ այս, կամ այն կողմում ես, իսկ պաշտոնները նրա համար են, որ մարդիկ ծառայեն իրենց ազգին»,- ասում է գործարարը։ Նրա գնահատմամբ, ամեն ինչ ավելի լուրջ է, ավելի խորքային, քան այն քաղաքական պայքարը, որ տարվում է Հայաստանում և Արցախում։ «Ես զինվոր եմ, ով գնացել է Արցախ, գործելու Արցախի համար։ Ես եկել եմ Արցախ ոչ թե մի քանի ամսով, եկել եմ մինչև անվտանգության հարցը չկարողանանք կայացնել, մինչև չփոխեմ իրավիճակը, Արցախից չեմ գնալու։ Արցախցին պետք է զգա, որ ունի ապագա, և այդ ապագան անվտանգ է»,- նկատում է Վարդանյանը։
Իսկ դրա համար պետք է պարտության երեք հետևանքներից ընտրել մեկը։ Պարտությունը երեք հետևանք ունի՝ փորձել մոռանալ, կորցնել ինքնահարգանքը կամ զորեղանալ, սովորել, և աշխատել։ Ահա հենց երրորդ ճանապարհն է ցույց տալիս Վարդանյանը՝ սեփական օրինակով մի քար ավելացնելով Արցախի և Հայաստանի հզորացման գործին։
Աշխեն Հակոբյան