Արցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կդառնան քույր քաղաքներ
SocityԱրցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կդառնան քույր քաղաքներ: Այս մասին Asbarez.com-ին տված հարցազրույցում նշել է Գլենդելի քաղաքապետ։ Արտաշես Քասախյանը:
«Որպես Գլենդելի քաղաքապետ, որոշեցի խորհրդանշական կապ ամրագրել Գլենդելի եւ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի միջեւ: Երբ ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, եւ հուսով եմ, որ մինչեւ հոկտեմբեր այն կհաստատվի»,-ասել է նա:
Քասախյանը նշեց, որ Արցախի Մարտունի քաղաքը հատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով նաեւ, թէ ինչերի միջով է անցել եւ դեռ շարունակում է անցնել Արցախի բնակչությունը:
«Գրեթե շաբաթ չի անցնում, առանց լուրերի, որ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից հարձակում է իրականացվել Արցախի հայ խաղաղ բնակավայրերի վրա: Եվ մենք այստեղից, ինչպես պատերազմի ժամանակ, երբ հեռվից ենք հետեւում գործընթացներին, զգում ենք մեզ թույլ՝ անկարող լինելով շոշափելի օգնություն ցուցաբերելու: Անշուշտ, ֆինանսական աջակցությունն առաջին միջոցն էր, որ Գլենդելի հայ համայնքը հատկացրեց մեր հայրենակիցներին պատերազմի օրերին, նաեւ՝ այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրվեցին, եւ մարդիկ էլ կային, որ անձամբ մեկնեցին Հայաստան եւ Արցախ: Գլենդելից մի քանի բժիշկներ պատերազմի ժամանակ առաջնագծում էին, եւ առաջին օգնություն էին ցուցաբերում մեր զինվորներին», - նշել է Քասախյանը։
Նա հայտնել է, որ ինքն էլ որպես քաղաքապետ, որոշել է Գլենդելի եւ Մարտունու միջեւ քույր քաղաքների կարգավիճակի հաստատումով ներդրում ունենալ Արցախում: «Այս քայլը ցույց է տալիս, որ մենք նման հարաբերություն ունենք ոչ միայն այն քաղաքների հետ, որ գտնվում են Հայաստանի սահմաններում, բայց նաեւ՝ Արցախում, որ ինքս համարում եմ Հայաստանի, մեր պապենական հողերի եւ նրանց ժառանգության մաս: Անկասկած է այն փաստը, որ Արցախը հայկական հող է, եւ Մարտունին հայկական քաղաք, որ ունեցել է, ունի, եւ պետք է ունենա հայ բնակչություն: Քույր քաղաքների կարգավիճակի հաստատմամբ, Ամերիկայի ամենահայաշատ քաղաք Գլենդելը, հույսի մոմ կվառի Արցախում, Գլենդելում, եւ հուսով եմ նաեւ Հայաստանում՝ Մարտունու, որպես հայ քաղաք լինելու շարունակման»:
Արտաշես Քասախյանը հավաստիացրել է, որ քույր քաղաքների կարգավիճակի հաստատմանը կհաջորդեն նաեւ գործնական քայլեր՝ մասնավորապես կզարգացվեն հարաբերություններ երկու քաղաքների կրթօջախների միջեւ: