«ՋՕ-երի էլեկտրատնտեսությունը անմխիթար վիճակում է». պարզաբանում են ՀԷՑ-ից
SocityԱյսօր Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի երկկողմանի փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և նրանց միջև։ Ճանապարհը փակողները դժգոհում էին ՀԷՑ-ից ու ջրմուղից:
Past.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանից։
Սարջանյանն ասաց, որ էլեկտրամատակարարման ընդհատումները պայմանավորված են Էջմիածնի ջրօգտագործման ընկերության սպասարկման տակ գտնվող ենթակայանների և օդային գծերի անմխիթար վիճակով։
«ՋՕ-երի էլեկտրատնտեսությունը անմխիթար վիճակում է, որի պատճառով էլ անընդհատ անջատումներ են տեղի ունենում, որն էլ իր հերթին ոռոգման խնդիր է առաջացնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀԷՑ-ը ջրօգտագործման ընկերության հետ շատ երկար ժամանակ է բանակցում է, որ տնտեսությունը կարգի բերեն, թերությունները վերացնեն, բայց՝ ապարդյուն:
ՀԷՑ-ի մամուլի պատասխանատուն ավելացրեց, որ երկուշաբթի անջատում կանեն, հնարավորություն կտան ՋՕ-ին իրենց տնտեսության թերությունները վերացնել, արդյունքների մասին էլ լրացուցիչ կտեղեկացնեն։