Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհայի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարն իր ուղերձում նշել է. «Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մամուլի բոլոր ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը:
Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության և ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»: