Եթե դրամը չարժևորվեր, գնաճն ավելի բարձր կլիներ. ԿԲ նախագահ
EconoмицсՀայաստանում դրամի արժևորման շնորհիվ գնաճն ավելի ցածր է եղել: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում՝ ներկայացնելով, թե ռուս-ուկրաինական իրավիճակի արդյունքում ինչ տեղի ունեցավ ՀՀ տնտեսությունում:
«Ոչ ռեզիդենտների ցպահանջ արտարժութային ավանդները, այսինքն` այն ավանդները, որոնք ոչ ՀՀ քաղաքացիները ունեն Հայաստանի առևտրային բանկերում ընթացիկ հաշիվների կամ ավանդների վրա, մարտ-ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել են»,-ասաց Գալստյանը:
Նույնը վերաբերում է վարձակալության գներին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցված գումարներին: «Ազդեցությունը դրամական արտահայտությամբ մինչև մայիս մոտ 500 մլն դոլար էր, հունիսին ևս էական աճ ունենք»,-ասաց ԿԲ նախագահը:
Անդրադառնալով այդ ներհոսքին՝ նա պարզաբանեց, որ եթե արտարժույթի պահանջարկը մնում է, բայց առաջարկը կտրուկ ավելանում է, նշանակում է՝ արտարժույթի գինը պետք է նվազի, ազգային արժույթի գինը պետք է թանկանա: «Սա ասում եմ, որպեսզի փակենք այն խոսակցությունը, թե ԿԲ-ն արժևորեց հայկական դրամը: Մենք տեսնում ենք, որ այդ երևույթներով պայմանավորված՝ հայկական դրամն արժևորվել է օբյեկտիվորեն»,-ասաց նա:
Գալստյանի խոսքով՝ այդ հոսքերի արդյունքում տեղի ունեցավ անվանական փոխարժեքի արժևորում: «Միայն անվանական թվերին նայելով զուտ՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք չունենայինք այն արժևորումը, որը մենք ունեցանք ապրիլ-մայիս-հունիս ամիսների ընթացքում, օրինակ` մայիսին ապրիլի նկատմամբ գնաճը կլիներ ոչ թե փաստացի 0.1 տոկոս, այլ 0.9 տոկոս, այսինքն` 9 անգամ ավել գնաճ կունենայինք»,-ասաց ԿԲ նախագահը:
Այսպիսով, նրա խոսքով՝ եթե դրամը չարժևորվեր, ապա 1 ամսվա կտրվածքով գնաճը 1 տոկոս ավել կլիներ: «Վերցվել է փոխարժեքի ինչ-որ մակարդակ՝ 480-ին մոտ, և մենք ասել ենք՝ եթե այդ փոխարժեքը լիներ նույնը, այսինքն` անվանական փոխարժեքի արժևորում չունենայինք, ապա մեր գնաճը կլիներ ոչ թե մոտավորապես 0, այլ՝ 1 տոկոս: Եթե մոտավոր հաշվարկներ անենք, մենք մոտավորապես մի 3 տոկոս ավել գնաճ կունենայինք»,-եզրափակեց ԿԲ նախագահը: