Զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am
SocityԶոհված զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպից հետո մեկ անձ բերման է ենթարկվել, հայտնել են 168.am-ին ոստիկանությունից։
Դեպքը տեղի է ունեցել այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Երկու քաղաքացիներ, որոնցից մեկը, ըստ կայքի, Նիկոլ Փաշինյանի աջակից Ռոման Բաղդասարյանն էր, փորձել են սադրել դատախազության մոտ հավաքվածներին։ Բախում է սկսվել, միջամտել են ոստիկանները և Բաղդասարյանին հեռացրել տարածքից։
«Մեկ անձ գլխավոր դատախազության հարակից տարածքից բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին, այս պահին նյութեր են նախապատրաստվում», - ասել են ոստիկանությունից՝ հրաժարվելով անձի անուն նշել։
Նշենք, որ դատախազության մոտ այսօր ակցիա իրականացնող՝ զոհված զինվորների ծնողները պահանջում են դատախազությունից Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցել ԱԱԾ-ին։