Գերմանիայում դատարանը համակենտրոնացման ճամբարի 101-ամյա նախկին պահակին 5 տարվա ազատազրկման է դատապարտել
InternationalԳերմանիայում դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել 101-ամյա տղամարդուն, որը նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին պահակ է եղել։ Յոզեֆ Շյուցը ամենատարեց մարդն է, որը երբևէ կանգնել է դատարանի առաջ՝ Հոլոքոստի ժամանակ ռազմական հանցագործություններին մեղսակցության համար:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել սպանություններին մեղսակցության համար: Շյուցը 1942-ից 1945 թվականներին Բեռլինից հյուսիս գտնվող Օրանիենբուրգի «Զաքսենհաուզեն ճամբարում որպես բանտապահ է աշխատել:
Դատարանը պնդել է, որ նա «գիտակցաբար և կամավոր» մասնակցել է ճամբարում 3518 բանտարկյալների սպանությանը և պահանջել հինգ տարվա ազատազրկում:
1936-1945 թվականներին «Զաքսենհաուզեն» ճամբարում պահվում էր ավելի քան 200 000 մարդ՝ հրեաներ, գնչուներ, խորհրդային ռազմագերիներ, ռեժիմի հակառակորդներ և միասեռականներ։
Դատախազների պնդմամբ՝ Շյուցն աջակցել և մասնակցել է 1942 թվականին խորհրդային ռազմագերիների մահապատժին և թունավոր գազով գերիների սպանությանը: Այդ ժամանակ նա 21 տարեկան էր։
Թոշակառուն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ «բացարձակապես ոչինչ չի արել» և տեղյակ չի եղել ճամբարում կատարված սարսափելի հանցագործությունների մասին:
«Ես չգիտեմ, թե ինչու եմ այստեղ», - ասել է նա դատավարության ժամանակ։