«Ազգային պակտ»-ը՝ առանցքային կարևորություն Հայաստանի համար
PoliticsՈ՞րն է պատմական հայրենիքում հայկական ազգային պետության առաքելությունը, կամ հանուն ի՞նչ բարձրագույն նպատակների պետք է հայ մարդը պատրաստ լինի զրկանքներ կրել և տոկալ իր պատմական հայրենիքում։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այս հարցադրումն անում բանտից գրած իր նոր հոդվածում։
Նրա կարծիքով, հայ իրականության մեջ մարդկանց մեծամասնությունը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թե ով է գալու «Նիկոլից հետո»։
«Իրականում սա հետևանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆիցիտի, որը մենք չենք կարողացել հաղթահարել անկախության երեք տասնամյակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագույն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստյան մեջ, փոխանակ ամրացնելու մեր պետության ինստիտուցիոնալ հիմքերը»,- գրում է Չալաբյանն ու հավելում, թե դրանք երբեք ուժեղ չեն եղել, բայց այժմ արմատապես խարխլվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, որի գործունեությունն ուղղված է ողջ պետական ապարատը սեփական կամքին ենթարկելուն և արդյունքում հանգեցրել է պետության աննախադեպ պարզունակացման ու պրոֆեսիոնալ որակների կորստի (դա առավել ակներև է մասնավորապես անվտանգային համակարգում՝ բանակ, ԱԳՆ, ԱԱԾ):
Հասարակական-քաղաքական գործչի դիտարկմամբ, ապագա հայկական պետությունը պետք է կարողանա վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորությունը և պետական ապարատի կարողությունները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից):
«Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ և պակաս կրթված մեծամասնության կողմից և չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված և առաջադեմ մասին՝ արգելափակելով երկրի զարգացումը և պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա»,- նշել է Չալաբյանը, որպես դեղատոմս առաջարկելով, որ եթե ցանկանում ենք այդ փակ շրջանից դուրս գալ, պետք է փոխենք Սահմանադրությունը, և նրանում ներառված իշխանության առերևույթ ժողովրդավարական մեխանիզմները հավասարակշռենք ամուր ինստիտուցիոնալ հակակշիռներով, որոնք ձևավորվում են մերիտոկրատական (այսինքն, արժանիքների վրա հիմնված) սկզբունքներով։
«Սա ամենօրյա աշխատանք է, որը մենք պետք է անենք, բայց «փրկչին» սպասելու փոխարեն, սա իրական ճանապարհ է՝ հետևողականորեն ձևավորելու այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է ապահովել մեր պետության հարատևությունը, և ամուր ձեռքով այն տանել դեպի ապագա»,- ամփոփում է Ավետիք Չալաբյանը։
Արամ Բաբայան