Համահայկական ուխտագնացություն է տեղի ունենալու
InternationalՆ․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ այս տարվա հուլիսի 6-10-ը մայր հայրենիքում կանցկացվի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն մոտ երկու հարյուր երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։
Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր Օշական և այլ սրբավայրեր։
Երիտասարդները կայցելեն նաև Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։
Այս ուխտագնացությունը նախորդներից տարբերվում է ուսուցողական դասընթացների բաղադրիչով։ Կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.) և «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) համահայկական ուխտագնացությունները: