Ե՞րբ կկայանան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները
SocityՀայաստանի գործող իշխանությունները լրջորեն մտածում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացնել այս տարվա հոկտեմբերին։
Այս օրերին, մեր տեղեկություններով, իշխանական խմբակցության պատգամավորները մշակում են համապատասխան օրինագիծը, որով օրենսդրական հիմքեր են ստեղծում արտահերթ ընտրություններն անցկացնելու համար։ Ըստ այդմ, ինչպես ավելի վաղ նշել էինք, որոշում էր կայացվել Փարաքար համայնքը միավորել Երևանի հետ և այդ կերպ արտահերթ ընտրություններ իրականացնելու հիմքեր ստեղծել։
Երևանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Հրաչյա Սարգսյանը առայժմ նույնիսկ որոշված չէ՝ կլինի՞ ընտրական ցուցակում առաջին փոխքաղաքապետի պաշտոնի համար, թե՞ ոչ։ Սարգսյանն ինքն էլ փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը, տարբեր միջոցներով, թե իբր անհնար է արտահերթ ընտրություններ անցկացնել։
Այդուհանդերձ մեր աղբյուրների փոխանցմամբ գործող իշխանություններին հատկապես զայրացրել են Հրաչյա Սարգսյանի մի շարք որոշումներ, մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ Տիգրան Ավինյանը անձամբ չի մասնակցել տարբեր պաշտոններում տարբեր կադրերի նշանակելու գործընթացին՝ դա թողնելով Հրաչյա Սարգսյանին, պարզվել է, որ այդ պաշտոններում նշանակվել են նախկին իշխանությունների օրոք քաղաքապետարանում աշխատած անձինք, կամ էլ հանրապետականներ, որոնք առանձնապես խանդավառված չեն հեղափոխական իշխանության գործողություններով։ Հրաչյա Սարգսյանին սկսել են մեղադրել փաշինյանական թիմի աշխատանքը սաբոտաժի ենթարկելու մեջ և վերջնականապես որոշվել է, որ կարճ ժամանակահատվածում քաղաքապետի ընտրություններ են անցկացնելու։
Ընդդիմադիր մի շարք միավորներ ևս հայտարարել են, որ մտադիր են մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, սակայն առայժմ վերջնականապես չի հստակեցվել, բացառությամբ «Ուժը հայրենյաց» կուսակցության, որը հայտարարել է, թե քաղաքապետի իրենց թեկնածուն Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանն է։ Նրա առաջադրումը թեպետ բնավ էլ լուրջ չի դիտարկվում նույնիսկ իրենց կողմնակիցների կողմից։
Դավիթ Պողոսյան