ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների բարձրացրած խնդրին
EconoмицсՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին խոսել է Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում:
Մարտին Գալստյանը նախ խոսեց դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշեց Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին: «Ձեզնից շատերն են երեկոյան լինում ռեստորաններում, որտեղ կարող եք տեսնել, թե ինչքան օտարերկրացիներ կան: Ըստ վիճակագրական կանոնների` դա պետք է գրանցվի որպես արտահանում։ Այսպիսով, այս տարվա ընթացքում մենք կարող ենք տեսնել Հայաստանից արտահանման անհավանական աճ, ինչը, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժևորման»,- ասաց Գալստյանը:
Ըստ ԿԲ նախագահի՝ հիմա հանրության մի հատվածից, հատկապես արտահանողներից ԿԲ-ին ուղղված կոչ է հնչում՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, միջամտել և արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին՝ լինելու ավելի արդյունավետ, մրցունակ: Այսպիսով, ԿԲ նախագահը հարց է բարձրացնում, թե արդյոք դրամի 5-10 տոկոսով արժևորումի՞ց է կախված արտահանողների արդյունավետ լինել-չլինելը:
«Իմ պատկերացմամբ՝ դա լուծում չէ։ Լուծումը եզակի, ունիկալ լինելն է։ Եթե մենք ուզում ենք լինել եզակի, կան բազմաթիվ բաներ, որոնք մենք կարող ենք միասին անել: Բայց ես հույս չէի դնի միայն արհեստականորեն արժեզրկման վրա»,- ասաց Գալստյանը: