Պաշտոնյա ես՝ մի օր ընդունում են, մի օր հանում են. ես իմ դիմումի համաձայն ազատվել եմ՝ կառավարության որոշմամբ. Արամ Թանանյանը՝ պաշտոնից հեռացվելու մասին. «Հրապարակ»
Press«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով որոշվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատել Արամ Թանանյանին։ Թանանյանը, ի դեպ, Փրկարար ծառայության գեներալ-մայոր է։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր երեք տարի ժամկետով, սակայն պաշտոնավարեց 2.5 տարի եւ, ըստ տնտեսվարողների, գիշեր-ցերեկ ամեն ինչ արել է, որ կարեւոր բեռների փոխադրումը կարգավորի։ Ըստ էության, փոխարինել է պետական շատ կառույցների եւ պաշտոնյաների։ Թանանյանը երեկ խուսափել էր հստակ նշել իր ազատման պատճառները, ասել էր, թե կառավարությունն է իրեն նշանակել, կառավարությունն էլ ազատել է։
Տպավորություն էր առաջացել, թե իր համար անակնկալ է եղել իր ազատումը։ Մինչդեռ մենք տեղյակ էինք, որ նա շաբաթներ առաջ է դեռ մտադրություն ունեցել ազատվելու, որովհետեւ ահռելի ծանր աշխատանք է կատարում, որը գնահատող չկա։ Մեզ հետ զրույցում Արամ Թանանյանը երեկ հայտարարեց, որ բնավ էլ անակնկալ չի եղել իր ազատումը, ավելին՝ ինքն է ազատման դիմում գրել։
«Անակնկալը ո՞րն է, պաշտոնյա ես՝ մի օր ընդունում են, մի օր հանում են»,- ասաց նա։
- Իսկ Ձեր պաշտոնավարման ժամկետը ե՞րբ էր լրանում։
- Հունվարին, երեք տարով էին նշանակել։
- Ձեզ հետ քննարկե՞լ են Ձեր ազատման հարցը կամ նախապես տեղեկացրե՞լ են, որ Ձեզ պատրաստվում են վեց ամիս շուտ ազատել պաշտոնից՝ այսինչ պատճառով։
- Ես ընդհանրապես չեմ քննարկում ղեկավարության որոշումը, պետության որոշումը, եկեք էդ հարցերը չքննարկենք, հա՞։
- Մեզ տեղեկություն էր հասել, որ ավելի շատ Դուք եք ցանկանում ազատվել պաշտոնից, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ էր, Լարսի հետ կապված ամբողջ կուժն ու կուլան Ձեր գլխին էր ջարդվում, բոլոր հարցերով Ձեզ էին զանգում․․․
- Էդ բոլորը կար։ Այո, ես վարչապետի անունով դիմում գրել եմ։
- Այսինքն՝ Դո՞ւք եք Ձեր դիմումի համաձայն ազատվել։
- Այո, ես իմ դիմումի համաձայն ազատվել եմ՝ կառավարության որոշմամբ։
- Իմ թվարկա՞ծ պատճառներով․․․
- Պետական պաշտոնավարումը, ընդհանրապես, բարդ բան է՝ մի բառով չես պատասխանի։ Ես էլի եմ ասում՝ թողեք ժամանակ անցնի, հետո մենք շփվելու ենք, չէ՞, միմյանց հետ, խոսելու ենք, զրուցելու ենք։
- Իսկ հետագայում այլ աշխատանքի անցնելու առաջարկ կամ ցանկություն ունե՞ք։
- Ինձ մոտ միշտ էլ կա ցանկություն աշխատելու։
- Լարսում ի՞նչ վիճակ է այս պահին, կուտակումները թեթեւացե՞լ են։
- Ես չեմ կարող ասել, որովհետեւ արդեն չեմ աշխատում։ Ես չեմ կարող մեկնաբանել այնտեղ, որտեղ իմ իրավասությունն ընդհատված է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։