Տոկաևը հրաժարվել է ռուսական շքանշանից
InternationalՂազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը որոշել է մինչև պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը որևէ մրցանակ չընդունել՝ լինի այն ղազախական, թե արտասահմանյան։ Այս մասին հայտնում է Tengrinews-ը՝ հղում անելով հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբային։
Ավելի վաղ ղազախ քաղաքագետ Երբոլ Եդիլովը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Մոսկվան առաջարկել է Տոկաևին պարգևատրել Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել պարգևին արժանանալու համար, սակայն հրաժարվել է մրցանակից՝ նկատի ունենալով, որ ինքը որոշել է պետության ղեկավարի կարգավիճակում չընդունել ոչ ներքին, ոչ արտասահմանյան մրցանակներ։
«Նույն պատճառով վերջերս Բիշքեկ կատարած այցի ժամանակ նախագահը հրաժարվեց ղրղզական բարձրագույն «Մանաս» 1-ին աստիճանի շքանշանից»,- մանրամասնել է քաղաքագետը։
Նախօրեին Ղազախստանի նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Իր ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ Ղազախստանը չի պատրաստվում ճանաչել անջատողական Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։