Կառավարությունը որոշել է 338 մլն դրամ հատկացնել ՝ լավագույն մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու համար
SportԿառավարության պահուստային ֆոնդից շուրջ 338 մլն դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ ՀՀ հավաքականների մարզիչներին, բժիշկներին /մերսողներին/ և մարզիկներին սպորտային նպաստ հատկացնելու նպատակով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած վերոնշյալի մասին առաջարկը Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ։ Ըստ այդմ՝ 2022 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերում հաղթող, ինչպես նաև 4-8-րդ տեղերը զբաղեցնող մարզիկները, հավաքականների մարզիչներն ու բժիշկները սպորտային նպաստներ կստանան։
2022թ․ հունիսից մինչև դեկտեմբեր ամսական 500 000 դրամ կստանան՝ օլիմպիադաներում 2-րդ տեղը գրաված մարզիկները, 400 000 դրամ՝ 3-րդ տեղը զբաղեցրածները, 300 000 դրամ ՝ միջազգային մրցաշարերում հաղթողները։
Որոշման համաձայն՝ 200-300 հազար դրամ կստանան հավաքականների մարզիչները, ` 250 000 դրամ՝ բժիշկները։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ վերոնշյալ կարգավորումը կնպաստի «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին և վարկանիշային մրցաշարերին Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույնս նախապատրաստվելուն և մասնակցության ապահովմանը, ինչպես նաև բարձր արդյունքների ձեռքբերմանը։