Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. ԱԻ նախարարն անցկացրել է առաջին խորհրդակցությունը
SocityԱրտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները:
Նախարար Ա. Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակարգի վերաբերյալ իր մոտեցումները, հանձնարարել՝ խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները, հանձնարարությունները կատարել որակով և սահմանված ժամկետներում, ապահովել հաշվետվողականություն:
«Բոլորս պարտավոր ենք պետական մարմնի հեղինակությունը բարձրացնելու հարցում լինել սթափ և հետևողական, բացահայտել և հնարավորինս վերացնել մեր և այլ անձանց կողմից թույլ տրված սխալները»,- նշել է գերատեսչության ղեկավարը:
Ա. Փամբուխչյանն ընդգծել է աշխատանքային բարոյահոգեբանական առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
«Իմ կողմից անելու եմ ամեն ինչ՝ նախարարության բոլոր աշխատակիցների համար ապահովելու մրցակցային, արդար մթնոլորտ: Ապօրինի վարքագծի նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն»,- ասել է նախարարը:
ԱԻՆ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզային փրկարարական վարչություններ, կհանդիպի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց խնդիրներին և հուզող հարցերին ծանոթանալու և համապատասխան լուծումներ տալու նպատակով: