«Հրապարակ».Հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել
PressԿալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Պարզվել է, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ են պատրաստել, եւ աշխատողներն «ըմբոշխնել» են բույրերը։ Ղուկասյանը վերացրել է այդ ավանդույթը։ Պարզվել է նաեւ, որ գորիսեցի Ավանեսյանը, որը ստիպված է եղել ապրել Կապանում՝ վարձակալված բնակարանում, շաբաթ-կիրակի օրերին Գորիս է մեկնել, բայց մարզպետի որոշմամբ դա ձեւակերպվել է որպես գործուղում Գորիս եւ հարակից համայնքներ։ Սյունիքի մարզպետարանից մեզ մեկ տասնյակ կարգադրություն են տրամադրել․ դիցուք, 2021 թ․ մարտի 6-ին՝ շաբաթ օրը, Ավանեսյանը գործուղվել է Արավուս համայնք, մեկ շաբաթ անց՝ 13-ին, կրկին շաբաթ օրը, մեկ օրով գործուղվել է Տեղ համայնք, էլի մեկ շաբաթ անց՝ մարտի 20-ին, Գորիս համայնք եւ այլն։
Որոշ տեղեկություններով՝ Կարո Ավանեսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում գործ է քննվում, նրա կինը՝ Արմինե Սիմոնյանը, որը մարզպետի տեղակալի օգնականն է, չի հայտարարագրել ունեցվածքը, եւ վերջին շրջանում ամուսիններին կանչում են հարցաքննության։ Մի քանի օր է՝ փորձում ենք կապվել փոխմարզպետի հետ, սակայն նա մեր զանգերին չի պատասխանում։