Այս պահին ուժեղ երկրաշարժի քիչ հավանականություն կա. սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետ
SocityԱյսօր տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:
1or.am-ը զրուցել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի հետ, հասկանալու համար, թե որն է հաճախակի երկրաշարժերի պատճառը.
«Եթե այդ երկու երկրաշարժի մասին ենք հաղորդագրություն տվել, չի նշանակում, թե այդ երկուսն է եղել: Դա Ջավախքի բեկվածքային գոտին է, որին բնորոշ են նման երևույթները: Այդ երկուսն ուղղակի զգացվել են, այդ պատճառով դրանց վերաբերյալ հաղորդագրություն ենք տվել, բայց թող տպավորություն չստացվի, թե երկար ժամանակ երկրաշարժ չկար, մեկ էլ հանկարծ եղավ»:
Անդրադառնալով առաջիկայում այդ գոտում ավելի ուժեղ երկրաշարժի հավանականությանը, Մարգարյանը նշեց.
«Այս պահի դրությամբ քիչ հավանականություն կա, կարելի է ասել՝ զրոյին մոտ»:
Մարիամ Նալբանդյան