Յոթ անգամ հարսի զգեստ եմ հագել, ու հիմա մի տեսակ սովորական է դարձել ինձ համար. Անուշկա Մարգարյան
SocityԱրդեն տևական ժամանակ է՝ դերասանուհի Անուշկա Մարգարյանը, ով հեռուստադիտողին հայտնի է տարբեր հեռուստասերիալներից, չի երևում մեր էկրաններին:
1or.am-ը զրուցել է Անուշկայի հետ և նրա երկրպագուների համար լավ նորություններ ունի:
- Տևական ժամանակ է՝ հեռուստադիտողը Ձեզ նոր պրոյեկտներում տեսնելու հնարավորություն չունի: Ո՞ւր է անհետացել Անուշկա Մարգարյանը մեր էկրաններից, ինչո՞վ է պայմանավորված այս դադարը:
- Իրականում, դադարն այդքան էլ մեծ չէ։ Սեպտեմբերին նկարահանվեցի «Դեպի ճամբար» սիթքոմում, իսկ հիմա նկարահանվում եմ «Սիրո հասակ» սիթքոմում։ Փոքրիկ դադարներ միշտ էլ պետք են դերասանին։ Հեռուստադիտողը սովոր է տեսնել ինձ բազմասերիանոց հեռուստասերիալներում, դրա համար երևի տպավորություն է, որ դադար եմ վերցրել։
- Ի՞նչ զբաղվածություն ունեք այս պահին, ի՞նչն է խլում ձեր հիմնական ժամանակը:
- Այս պահին զբաղվածությունս մեծ չէ, ավելի շատ կենտրոնացած եմ ինձ վրա, ինքնակրթվում եմ, մարզվում: Լավ է, որ հնարավորություն ես ունենում ընկերներիդ ու ընտանիքիդ ժամանակ տրամադրել ու հաճելի ժամանակ անցկացնել:
- Վերջերս սոցցանցերում հրապարակել էիք լուսանկարներ, որոնցում հարսի զգեստով էիք՝ տարբեր սերիալներում, նախագծերում: Երևի ցանկացած աղջկա երազանքն է սպիտակ հարսի զգեստը: Ձեզ համար այն ի՞նչ նշանակություն ունի, ինչպե՞ս եք պատկերացնում այն օրը, երբ կհագնեք այդ խորհրդավոր ու խորհրդանշական զգեստը:
- Յոթ անգամ հարսի զգեստ եմ հագել, ու հիմա մի տեսակ սովորական է դարձել ինձ համար։ Հարսի զգեստը, իհարկե, մաքրություն է խորհրդանշում, առհասարակ սպիտակ գույնը ինձ համար մաքրության գույնն է ու իմ ամենասիրած գույնը։ Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, պլանավորել առավել ևս չեմ ուզում ոչինչ։ Եթե մի բան պլանավորում եմ, ինձ համար այլևս հետաքրքիր չի լինում։
- Սոցցանցերում տեղադրված Ձեր լուսանկարներից կարելի է ենթադրել, որ բավականին սերտ հարաբերություններ ունեք սիրված դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ: Հնարավո՞ր է առաջիկայում միասին նոր նախագծերում տեսնենք ձեզ:
- Ժաննան իմ ընկերուհին է, մեր ընկերությունն արդեն ինը տարեկան է ու տարիների հետ ավելի է ամրանում, չնայած մեկ-մեկ ուզում եմ սպանել նրա։ Աստված առաջ, նա նաև շատ լավ խաղընկեր է։ Մեծ հաճույքով կհամաձայնեմ, եթե նման առաջարկ լինի։
- Ես գիտեմ, որ Դուք մասնագիտությամբ մարզական լրագրող եք: Երբևէ աշխատե՞լ եք մասնագիտությամբ կամ ցանկություն ունե՞ք երբևէ զբաղվել լրագրությամբ:
- Երբեք ոչինչ չեմ բացառում, բայց ինձ ավելի հոգեհարազատ է այն, ինչ հիմա եմ անում։
- Ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից առաջիկայում, ե՞րբ կտեսնենք ձեզ նորից էկրաններին:
- Ինչպես արդեն նշեցի, նկարահանվում եմ «Սիրո հասակ» սիթքոմում. շուտով կրկին կլինեմ էկրաններին։
Մարիամ Նալբանդյան