Եթե ինչ-որ մեկին թվում է, թե բղավելով «ապագա կա» կարող է թուրքերի նախագծերը խառնել, չարաչար սխալվում է. Արման Աբովյան
PoliticsԱրցախում լարվածությունն ու անվտանգության հարցը գնալով ավելի է ահագնանում: Ադրբեջանը շարունակում է իր լպիրշ գործելաոճը Արցախում՝ վտանգելով խաղաղ բնակչության կյանքը, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել խաղաղության իրենց ձախողված օրակարգը: Ըստ էության, Ադրբեջանը որևէ կերպ օրեր շարունակ չի դադարեցրել ագրեսիան ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի նկատմամբ։
Թեմայի շրջանակներում 1or.am-ի զրուցակիցն Արման Աբովյանն է.
«Այստեղ չի կարելի սևեռվել ինչ-որ հատվածային կետերի վրա, պետք է հարցին գլոբալ առումով նայել. Թուրքիան և Ադրբեջանն իրենց նպատակից ետ չեն կանգնել: Եվ այդ նպատակը հենց իրենք են հչեցրել՝ թե՛ Ալիևի, թե թուրք տարբեր բարձրաստիճան գործիչների կողմից՝ առ այն, որ իրենք ձևավորում են նոր իրողություն տարածաշրջանում: Չակերտներում այդ իրողությունը կարելի է անվանել «թուրքական», որը ենթադրում է հետևյալը՝ թուրքալեզու քոչվոր ցեղերի դոմինանտ լինելը տարածաշրջանում և հայկական գործոնի դուրս մղելը: Իրենք շատ հստակ հնչեցրել են թուրքական պետությունների միաբանության իրենց մտադրությունը, ընդ որում՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ռազմական, տնտեսական, դիվանագիտաքաղաքական առումներով: Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե ես գույներն եմ խտացնում, ապա կարող է պարզապես ծանոթանալ նույն միջազգային ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի կամ միջազգային ռազմական հացագործ Էրդողանի հնչեցրած հայտարարություններին՝ կապված Հայաստանի Հանրապետության հետ և նրանց ակնհայտ բաց, լկտի, անբարո հավակնությունները՝ Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ:
Աբովյանի խոսքով՝ Հայաստանը ոչ ադեկվատ արձագանք է դրսևորում «խաղաղության դարաշրջանի» հետ կապված զարգացումներին.
«Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես է փոխվում, այնքան սրընթաց, որ բոլոր անիրատեսական տեսլականները կամ վարդագույն երազներն այսպես կոչված խաղաղության դարաշրջանի մասին չեն համապատասխանում ստեղծված իրավիճակին և վտանգների կանխելուն: Ցավոք, իշխանությունն այդ ճկունությունը կամ ցանկությունը չի ցուցաբերում, և, ըստ իս, նրա բոլոր գործողություններն այսօր չեն համապատասխանում իրական վտանգների կանխելուն: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե բղավելով «ապագա կա», աղերսելով, աղաչելով խաղաղություն կարող է թուրքերի ռազմավարական և ստրատեգիկ նախագծերը խառնել, չարաչար սխալվում է: Զավեշտն այն է, որ թուրքերն էլ, ադրբեջանցիներն էլ բացարձակ ազնիվ են իրենց նպատակների հարցում, իրենք չեն թաքցնում իրենց վերջնանպատակը: Եվ այս պարագայում ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանը ոչ ադեկվատ արձագանք է դրսևորում: Խաղաղության դարաշրջանը, որն իրականում թուրք-ադրբեջանական հետարքրություններից է բխում (այսինքն, որ Հայաստանը պարզապես հրաժարվում է դիմադրել՝ ակնկալելով դրա դիմաց ստանալ խաղաղություն), կբերի միայն ավելի մեծ արհավիրքների՝ գաղթի և պատերազմի, քանի որ իշխանությունը, ինչքան էլ հակառակը պնդի, չի կարողանում ռիսկերը կառավարել»:
Մարիամ Նալբանդյան