Բիզնեսը սահմանին. «Վիտրումը» շարունակում է գրավել հայկական շուկան և ոչ միայն
SocityՍահմանամերձ Նոյեմբերյանում Նունեն ու Սիրանուշը իրենց գեղեցիկ բիզնեսն են հիմնել՝ «Վիտրումը», ապակուց, վերջերս նաև փայտից, լուսամփոփներ, կրծքազարդեր, մոմակալներ և այլ իրեր են ստեղծում, վաճառում:
Մենք զրուցեցինք «բիզնեսընկերուհիների» հետ հաճախակի հանդիպող խնդիրների, առաջիկա պլանների, ապագայի նպատակների մասին:
- Աղջիկներ, տարածված կարծրատիպը, թե ընտանիքն ու բիզնեսը կնոջ համար անհամատեղելի են, որքանո՞վ է իրատեսական ձեր պարագայում:
- Ուզում եմ նշել, որ տարածված այդ կարծիքը, որ բիզնեսը կնոջ համար չէ, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Ես ու Նունեն երկուսս էլ ամուսնացած ենք, ունենք ընտանիք, բալիկներ, կենցաղային հարցեր, սակայն բնավ դա չի խանգարում բիզնես ունենալուն։ Ողջ հաջողության գաղտնիքը ընտանիքում վստահության ու փոխըմբռնման մեջ է, ինչպես նաև նրա, թե ինչքան ես սիրում ու ինչքան ես նվիրված քո աշխատանքին։ Մենք, շնորհիվ նաև մեր ամուսինների ու ընտանիքի մյուս անդամների փոխադարձ աջակցության, կարողանում ենք հաղթահարել խնդիրները:
- Ո՞րն է եղել այսքան ժամանակ հաճախորդներից ստացած ամենադրական ու ամենաբացասական արձագանքը, որը տպավորվել է:
- Ամենադրական, ամենատպավորիչ ու ամենապարտավորեցնող արձագանքը մեր փոքրիկների արձագանքներն են, ում համար լուսամփոփներ են պատվիրում իրենց մայրիկները։ Նրանց ժպտերես հայացքով ոգևորված նայելը լուսամփոփի գույներին շատ մեծ ուժ է տալիս մեզ։ Հիշում եմ՝ ինչպես մի անգամ մայրիկը պատմեց, որ իր փոքրիկը այնքան է սիրել լուսամփոփը, որ ամեն օր գրկում է համբուրում, հետո քնում, դա, իսկապես, հուզիչ է: Ամենաբացասկանը եղել է մեկ անգամ, երբ պատվիրատուն նշել է, որ իր սպասվածը չէր լուսամփոփը։ Մենք, բնականաբար, հետ ենք վերցրել պատվերը, որը հաջորդ իսկ շաբաթում մեկ այլ անձի կողմից գնվել է։ Սա նշում եմ նրա համար, որ մարդկանց սպասումները միշտ տարբեր են ու մենք միշտ փորձում ենք ճկուն լինել:
- Գիտեմ, որ սկսել եք համագործակցել նաև դրսի շուկայի հետ: Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց բախվել եք:
- Դրսի շուկայի հետ համագործակցությունը ու ներկայանալի լինելը առավելություններ ունի և նաև խիստ պատասխանատվություն է ենթադրում։ Խնդիրներ բազում կան, բայց կնշեմ բեռնափոխադրման ժամանակ առաջացած խնդիրները՝ ուշացումներ, բեռի վնասում և այլն։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք մեր թիմով փորձում ենք օպտիմալ լուծումներ գտնել ու առաջարկել մեր սիրելի հաճախորդներին։
- Ո՞րն է ձեր բրենդի առանձնահատկությունը, որը պետք է սպառողին մոտիվացնի նախապատվությունը հենց ձեզ տալ:
- Վիտրումի առանձնահատկությունը նրա ինդիվիդուալության մեջ է, երբ յուրաքանչյուր հաճախորդ ինքը կարող է նախագծել, իր պատվերի մտքի հեղինակը լինել, դե իսկ մենք փորձում ենք այդ միտքը դարձնել դեկորատիվ կիրառական իր՝ համեմված գեղանկարչական ու ինժեներական լուծումներով:
- Առաջիկայի պլաններ, նախագծեր....
- Մոտ տեսլականում պլանավորում ենք արվեստանոց-վաճառասրահ ունենալ Երևան քաղաքում, մեծացնել Վիտրումի արտադրատեսակները ու արտաքին շուկան:
Մարիամ Նալբանդյան