Բացառել ավելի գլոբալ, լայնածավալ էսկալացիան չենք կարող, ադրբեջանական կողմը հստակ օգտվում է ստեղծված իրադրությունից. Դավիթ Հարությունով
SocityԱրցախում իրավիճակը կրկին լարված է: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում է ՊԲ-ն.
«Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
1or.am-ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսել է քաղաքագետ, ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքը.
«Ծավալվող իրադարձությունները որոշ չափով կարելի է կապել ուկրաինական ճգնաժամի հետ: Ադրբեջանն օգտվում է նրանից, որ Ռուսաստանը զբաղված է ավելի գլոբալ խնդիրներով: Ցավոք, չենք կարող բացառել, որ ռազմական գործողությունները երկար կտևեն և ավելի լայն մասշտաբների կհասնեն: Շատ լայնածավալը մի քիչ քիչ հավանական է, իրենք այս պահին կիրառում են էսկալացիայի փուլային տարբերակ, լոկալ ճնշում են գործադրում ավելի շատ Արցախի խաղաղ բնակչության դեմ, բայց, էլի եմ ասում, լայնածավալ գործողությունները բացառել չի կարելի՝ հատկապես հաշվի առնելով, որ տեղն ու ընթացքը շատ սերտորեն կապված են Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ: Եթե այնտեղ շատ երկարեց, ու ընթացքը Ռուսաստանի համար գնալով անբարենպաստ լինի, իրավիճակն այստեղ գնալով ավելի կլարվի: Ադրբեջանական կողմը հստակ օգտվում է ստեղծված իրադրությունից»:
Խոսելով իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակների և մոտավոր ժամկետների վերաբերյալ՝ փորձագետը նշեց.
«Ընդհանրապես գլոբալ իրավիճակը շատ անկանխատեսելի է, որն ազդում է մեր տարածաշրջանի վրա: Երևի Հայաստանի ղեկավարության վրա էլ ճնշում կա՝ հաշվի առնելով իրենց նպատակները, որոնց մասին բազմիցս խոսել են: Էլի եմ կրկնում՝ բացառել ավելի գլոբալ, լայնածավալ էսկալացիան, ցավոք, չենք կարող, ոչ էլ կարող ենք կանխատեսել այս իրավիճակի հետագա ընթացքը»:
Մարիամ Նալբանդյան