Ո՞վ է պատասխանատու Արցախում գազամատակարարման խափանումների համար. «Գազպրոմը» չի ստանձնում պատասխանատվությունը
SocityԱրցախի տարածքային կառավարման նախարարությունը մարտի 8-ին տեղեկություն տարածեց այն մասին, թե Հայաստան-Արցախ գազատարն է վնասվել, իսկ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն։ Արցախի ողջ տարածքում 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել՝ հացի արտադրությունից, ջեռուցումից մինչև ծանրաբեռնվածության պատճառով հոսանքի պարբերական անջատումներ։
Մարտի 19-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ երկարատև բանակցություններից հետո Արցախում գազամատակարարումը վերականգնվեց, սակայն երկու օր անց տեղեկատվական շտաբը կրկին հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում էր.
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»։
Մինչև հիմա էլ անխափան գազամատակարարումն Արցախում վերականգնված չէ: 1or.am-ը փորձել է պարզել, թե, ի վերջո, ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն: Հայաստան-Արցախ գազատարը, տրամաբանորեն, ո՛չ Հայաստանի Հարնապետության, ո՛չ Ադրբեջանի Հանրապետության, ո՛չ էլ, առավել ևս, Արցախի Հանրապետության սեփականությունը չէ: Գազամատակարարումը պետք է, որ իրականացնի է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ում հետ էլ կապ հաստատեցինք՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Ընկերության մամուլի խոսնակ Միքայել Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ հարցի հետ.
«Մենք այս հարցի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չունենք: Դուք պետք է դիմեք «Արցախգազ» ՓԲԸ-ին»:
Մեր որոնումների արդյունքում պարզեցինք, որ «Արցախգազ» ՓԲԸ-ն պետական կարգավիճակ ունի: Փորձեցինք կապ հաստատել ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժին, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Մարիամ Նալբանդյան