Այլընտրանքային էներգիա․ «Յուքոմ» և «Սոլարա» ընկերությունների գործակցությունից կշահեն բիզնես-հաճախորդները
Socity«Յուքոմ» և «Սոլարա» ընկերությունները հանդես են եկել նոր առաջարկով, որի շրջանակներում «Յուքոմ»-ի Ֆիքսված կապի թե՛ նոր, թե՛ առկա կորպորատիվ բաժանորդները կարող են տեղադրել Solara արևային ֆոտովոլտային համակարգ և ստանալ «Յուքոմի» ֆիքսված կապի ծառայություններից մինչև 400 000 դրամ սահմանաչափով օգտվելու հնարավորություն:
«Մեր երկու ընկերությունների միջև գործակցության նպատակն է ունենալ վերականգնվող էներգիայի և խնայողության բարձր ցուցանիշներ: Առաջարկում ենք երկրում գործունեություն ծավալող բոլոր գործարարներին ոչ միայն էապես կրճատել ծախսերը, այլև հոգալ շրջակա միջավայրի մասին՝ հնարավորինս նվազեցնելով վնասակար նյութերի արտանետումն արտաքին միջավայր», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
«Լինելով մեր ոլորտների առաջատարներից՝ մեկնարկել ենք տարբերվող մի նախաձեռնություն, որը խթանելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծավալների մեծացումը: Արևային էներգիայի օգտագործումը շահավետ է ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Նախաձեռնություն-առաջարկն ավելի հասանելի է դարձնում արևի տնտեսական արդյունավետությունը մեր սպառողներին: Յուքոմի մեր գործընկերների հետ մշակել ենք ամբողջական առաջարկ, որից օգտվելով գործարարները, բացի էներգիայի ծախսերի զրոյացումից, հեռահաղորդակցության ոլորտում ձեռք են բերում բազմաթիվ առավելություններ: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կտա իր ցանկալի արդյունքները», - նշել է «Սոլարա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը:
Ձեռք բերելով նվազագույնը 20 կՎտ հզորությամբ Solara արևային համակարգ՝ կորպորատիվ հաճախորդները կստանան հնարավորություն օգտվելու 40 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետից 6 ամիս շարունակ, ինչպես նաև կունենան տարեկան 1 350 000 դրամի չափով հոսանքի խնայողություն։ Իսկ 300 կՎտ հզորությամբ արևային համակարգ ձեռք բերելու դեպքում՝ 40 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետից կօգտվեն 12 ամիս շարունակ, բացի այդ կստանան նաև 10% զեղչ արևային ֆոտովոլտային համակարգի համար և տարեկան հոսանքի խնայողություն՝ 20 250 000 դրամի չափով։ Փաթեթը նախատեսում է 500 կՎտ, 1 կամ 1.5 ՄՎտ և ավել հզորությամբ կայանների համար մշակված տարբերակներ, որոնցից, օրինակ, 1.5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ընտրելու դեպքում գործարարը տարեկան շուրջ 101 250 000 դրամ խնայելու հնարավորություն է ստանում:
Հավելենք, որ հատուկ առաջարկը հասանելի է ցանկացած բիզնեսի համար, անկախ գործունեության ոլորտից: